Մյանմարի ճգնաժամի ընթացքում 568 մարդ է սպանվել․ ՄԱԿ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հավաստի զեկույցներ է ստացել այն մասին, որ Մյանմարի ճգնաժամի ընթացքում առնվազն 568 մարդ է սպանվել: Այդ մասին ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նրա խոսքով` Մյանմարում ՄԱԿ-ի աշխատակիցները շարունակում են անհանգստանալ երկրում տիրող իրավիճակի պատճառով:
«Եվս 18 մարդ է սպանվել հանգստյան օրերին: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի գրասենյակը հավաստի զեկույցներ է ստացել առնվազն 568 կանանց, երեխաների և տղամարդկանց սպանության մասին այն օրվանից ի վեր, ինչ ռազմական ուժերը հսկողություն են սահմանել կառավարության նկատմամբ»,- ասել է Դյուժարիկը:
Հիշեցնենք, որ Մյանմարում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, որի ընթացքում զինվորականները ձերբակալել են «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցության ղեկավար և պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին, նախագահ Վին Մյինային և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Զինվորական հեռուստատեսությունը հաղորդել էր երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին: Պետական հեղաշրջման արդյունքում պետական իշխանությունը երկրում անցել է Մյանմարի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աունգ Խլայնուի ձեռքը, իսկ նախագահի պաշտոնակատար է դարձել փոխնախագահ Մյինգ Շվեն:
Կարծիքներ