Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Դավիթ Սիմոնյանը հաղթանակը նվիրում է զոհված զինվորներին
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի երիտասարդների առաջնության նորընծա չեմպիոն Դավիթ Սիմոնյանը չեմպիոնությունը նվիրում է զոհված զինվորների հիշատակին:
«Իսկապես ուրախ եմ, քանի որ առաջին անգամն է, որ դարձա Եվրոպայի առաջնության հաղթող: Լավ մենամարտ անցկացրեցի և բոլոր ռաունդներում հաղթանակի հասա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը:
Վերջինիս խոսքով` իր համար առավել դժվար էր մենամարտել վերջին ռաունդում, քանի որ գիտակցում էր, որ արդեն մոտ է չեմպիոնությանը:
«Այս հաղթանակը իմ զոհված եղբայրներինն է, նրանց հիշատակին»,-առանձնացրեց մարզիկը:
Երևանի Միկա մարզահամալիրում ընթացող Եվրոպայի առաջնության 86 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Սիմոնյանը եզրափակիչում գերազանցեց Իտալիան ներկայացնող Զոնաթան Պիսարոյին: Ավելի վաղ Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակիչում Գոռ Ազիզյանը և 80 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը դարձել են ԵԱ-ի փոխչեմպիոններ: Երևանում ընթացող առաջնության բրոնզե մեդալակիր էին դարձել` Հովհաննես Հարությունյանը, Դավիթ Սաֆարյանը, Էրիկ Արստանյանը, Արթուր Մկրտչյանը, Յուրա Բաբլումյանը, ԱրմանՄիսկարյանը, Արմեն Պողոսյանը, Իշխան Հովսեփյանը և Ալբերտ Հարությունյանը:
Կարծիքներ