Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի թիվը մեկ շաբաթվա ընթացքում աճել է գրեթե 20 %-ով
Կորոնավիրուսային վարակով հիվանդացությունը վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանում աճել է գրեթե 20 %-ով․ աճ է գրանցվել 46 տարածաշրջաններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից։
«Անցած շաբաթվա ընթացքում նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության ցուցանիշը 100 հազար բնակչության համար կազմել է 2,82 և նախորդ շաբաթվա համեմատությամբ ավելացել 19,6 %-ով։ Հիվանդացության աճ է նշվել Ռուսաստանի Դաշնության 46 սուբյեկտներում, այդ թվում՝ 18 տարածաշրջաններում աճն ավելին է, քան երկրի միջինը», - մեջբերում է «РИА Новости»-ն հատված հաղորդագրությունից։
Վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսով հոսպիտալացվել է 1035 մարդ, ինչը նախորդ շաբաթվա համեմատությամբ ավելի է 3,3%-ով։ Հոսպիտալացումների թվի ավելացում գրանցվել է Ռուսաստանի 30 սուբյեկտներում, ընդ որում՝ 10 տարածաշրջաններում այս ցուցանիշի աճը երկրի միջինից բարձր է։
Շաբաթվա ընթացքում կորոնավիրուսային վարակից ապաքինվել է 3104 մարդ, ինչը 12,1%-ով ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից։ Ըստ օպերատիվ շտաբի տվյալների՝ մեկ շաբաթվա ընթացքում հիվանդությունից մահացել է 11 մարդ։
Կարծիքներ