Սիրիական զորքերն ահաբեկիչների դեմ գործողություն են իրականացնում Դեյր էզ Զորի նահանգում

Սիրիական զորքերն ահաբեկիչների դեմ գործողություն են իրականացնում Դեյր էզ Զորի նահանգում

Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը հատուկ նշանակության ուժերի ջոկատներ է ուղարկել Դեյր էզ Զորի նահանգ՝ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից։

Հաղորդվում է, որ Al Hadath հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ բանակին օգնություն  են ցույց տալիս իրանամետ կազմավորումները՝ բաղկացած շիա աշխարհազորայիններից, որոնք ժամանել են Բու Քեմալի շրջանից։ Ահաբեկիչների հետապնդմանը մասնակցում են Սիրիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները։

Գործողությունն իրականացվում է Բադիա էշ Շարքիա անապատում, որտեղ գործում են ԻՊ հրոսակախմբերը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Դեյր էզ Զորի նահանգում ԻՊ զինյալները հարձակվել են Սիրիայի կառավարական զորքերի զինծառայողների տեղափոխող ավտոբուսի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է 23 զինվոր։

Ականատեսների տվյալներով՝ զինյալները գերի են վերցրել մի խումբ զինվորականների ու իրենց հետ տարել անապատի խորքերը։

Al Hadath-ի տվյալների համաձայն` 2023 թվականի սկզբից ի վեր ԻՊ խմբավորումներն ավելի քան 40 զինված հարձակում են իրականացրել Դեյր էզ Զորի նահանգում։ Նրանց հարձակումների զոհ են դարձել 67 սիրիացի զինծառայող և 16 խաղաղ բնակիչ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում