AstraZeneca պատվաստանյութերը հաջորդ շաբաթ հասանելի կլինեն Երևանում և մարզերում
Հայաստանը շուտով կսկսի AstraZeneca պատվաստանյութով պատվաստումները: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ամերիկյան FDA-ը, Եվրամիության դեղերի գրանցման գործակալությունը և ԱՀԿ-ն տվել են իրենց եզրակացությունները այս պատվաստանյութի վերաբերյալ: Պատճառահետևանքային կապ գրանցված կողմնակի ազդեցությունների ու պատվաստման միջև չի հայտնաբերվել»,- ասաց Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ առողջապահության նախարարությանը կից գործող մասնագետների խորհուրդը ուշադրությամբ հետևում է զարգացումներին: «Ուրբաթ օրը ժողով է պլանավորվում, որի ընթացքում կքննարկվի Գերմանիայում իրականացված փոփոխությունը՝ պատվաստանյութի ցուցումների մեջ, ըստ որի՝ պատվաստանյութի տարիքային շեմը բարձրացվել է: Ըստ այդմ մեր գործողությունները կկառուցենք», - ասաց նախարարը՝ ավելացնելով, որ բոլորին խորհուրդ է տալիս պատվաստվել, քանի որ դա կօգնի հնարավորինս շուտ վերադառնալ բնականոն կյանքին:
Նախարարի խոսքով, պատվաստանյութերը դեռ պետք է մաքսազերծվեն ու մի շարք այլ գործընթացներ անցնեն: Ակնկալվում է, որ ապրիլի 5-ին դրանք արդեն հասանելի կլինեն թե Երևանում, թե մարզերում: Իսկ մինչ այդ կազմակերպվում են հանդիպումներ պոլիկլինիկաների տնօրենների հետ, ստուգվում են պոլիկլինիկաներում առկա առաջին օգնության բժշկական պայուսակների տարողունակությունը, դրանք համալրվում են, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներ են անցկացվում:
Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութի՝ «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ: Այն նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների, կամավորության սկզբունքով, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստելու համար: «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Այն կիրառելի է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար:
Կարծիքներ