Հնարավորություն ենք ունենալու իմանալ, թե ովքեր են խաղամոլները և որոշակի վերաբերմունք դրսևորել. պատգամավոր

Հնարավորություն ենք ունենալու իմանալ, թե ովքեր են խաղամոլները և որոշակի վերաբերմունք դրսևորել. պատգամավոր

Հայաստանի ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ներկայացրել են նոր օրենքի նախագիծ, որով սահմանում են, որ ամեն քաղաքացի կարող է իր խաղային հաշիվը լիցքավորել միայն իրեն պատկանող բանկային կամ քարտային հաշվից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Գևորգ Պապոյանը:

Նա հիշեցրեց, որ մեկ այլ նախագծով սահմանել էին, որ բոլոր տեսակի խաղադրույքները պետք է կատարվեն միայն անկանխիկ եղանակով: Եվ նոր նախագիծը հենց դրա տրամաբանական շարունակությունն է:

«Ամեն քաղաքացի պետք է իր խաղային հաշիվը լիցքավորի միայն իրեն պատկանող բանկային կամ քարտային հաշվից: Քաղաքացին չի կարող այլ քաղաքացու խաղային հաշիվն իր քարտային հաշվից լիցքավորել: Մեր նպատակը ոչ թե այն է, որ մարդիկ անպայման անկանխիկ խաղան, այլ՝ իմանանք, թե ով է խաղում, դրանով հստակեցնենք նաև մեր քաղաքականությունն այս կամ այն ոլորտում: Այս դեպքում մենք հնարավորություն ենք ունենալու հստակեցնել: Շարունակաբար հաջորդ քաղաքականությունն է լինելու: Մենք հնարավորություն ենք ունենալու իմանալ, թե ովքեր են խաղամոլները, և նրանց հետ կապված որոշակի պետական վերաբերմունք դրսևորել»,-ասաց Պապոյանը:

Պատգամավորը շեշտեց՝ նպաստ ստացող մարդիկ չեն կարող խաղալ, առավել ևս՝ խաղամոլ լինել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում