Ամուսնության պետգրանցման, արարողության պետական վճարների սակագներն էականորեն նվազել են. Արդարադատության նախարարություն

Ամուսնության պետգրանցման, արարողության պետական վճարների սակագներն էականորեն նվազել են. Արդարադատության նախարարություն

Արդարադատության նախարարությունը Հայաստանում ամուսնությունը գրանցել ցանկացող բոլոր անձանց համար նախատեսում է հանդիսավոր պայմաններ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում:

Որպեսզի բոլոր ամուսնացող զույգերը հնարավորություն ունենան օգտվել հանդիսավոր արարողությունից՝ այսուհետ համալիրում հանդիսավոր արարողություն իրականացնելու համար անհրաժեշտ կլինի վճարել 20.000 դրամ՝ գրանցման համար և 20.000 դրամ՝ որպես մուտքավճար: Նախկինում այս ծառայությունների համար զույգերը վճարում էին 60.000 դրամ։

Ամուսնության գրանցման համար դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Արդարադատության նախարարության քաղաքացիների սպասարկման միասնական գրասենյակ՝ հասցե Վազգեն Սարգսյան 3, կամ տարածքային սպասարկման կենտրոններ:

Հայաստանում ամուսնություն կարող են գրանցել ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այլև օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք: Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ամուսնությունը գրանցելու համար անհրաժեշտ է վերջինիս մշտական բնակության երկրի իրավասու մարմնի կողմից տրված՝ ընտանեկան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ:

Ամուսնության գրանցման դիմում ներկայացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ ամուսնության պետական գրանցումը կատարվում է ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը, և ոչ ուշ, քան վեց ամիսը:

Ամուսնության գրանցման դիմում հնարավոր է ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով: Տվյալ դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ամուսնացող անձի կողմից լրացված՝ ամուսնության դիմումի ձևանմուշի տեղեկությունները պարունակող դիմում, որը հաստատված կլինի նոտարական կարգով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում