Ընթացքի մեջ են «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի համաժողովին ՀՀ վարչապետի մասնակցության վերաբերյալ քննարկումները

Ընթացքի մեջ են «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի համաժողովին ՀՀ վարչապետի մասնակցության վերաբերյալ քննարկումները

 Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն օգոստոսի 12-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը նախարարը խոսել է Հայաստանի Հանրապետության վարչապետին Մեծ Բրիտանիայի Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի կողմից  նոյեմբերի 1-ից 2-ը Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Կողմերի 26-րդ համաժողովի բարձրաստիճան հատվածի՝ Աշխարհի առաջնորդների վեհաժողովին մասնակցության հրավերի վերաբերյալ և հայտնել, որ առայժմ ընթացքի մեջ են ՀՀ վարչապետի մասնակցության և Հայաստանի պատվիրակության կազմի վերաբերյալ քննարկումները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի  նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ նախարար Պետրոսյանը շնորհավորել է Ջոն Գալագերին Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ երկու երկրների միջև առկա համագործակցության բարելավման և ավելի բարձր նշաձողեր սահմանելու գործին։

«Դեսպան Գալագերը ևս շնորհավորել է նախարար Ռոմանոս Պետրոսյանին վերանշանակվելու կապակցությամբ, ապա շնորհակալություն հայտնել հանդիպման համար՝ նշելով, որ չափազանց հետաքրքրված է բնապահպանության ոլորտով։ Դեսպանը հույս է հայտնել, որ կողմերն ունեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որոնք էլ կքննարկվեն հանդիպման ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են նոյեմբերի 1-12-ը Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովը։

«Շրջակա միջավայրի նախարարությունը ողջունում է Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գագաթնաժողովի անցկացումը և բարձր է գնահատում Ձեր ջանքերն՝ ուղղված նման կարևորագույն միջոցառման կազմակերպումը պատշաճ իրականացնելու նպատակով, նկատի առնելով նաև այն հանգամանքը, որ սա լավագույն հնարավորությունն է շրջակա միջավայրին սպառնացող ամենավտանգավոր բնապահպանական հետևանքները կանխելու համար»,- նշել է նախարար Պետրոսյանը։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը կրկին անգամ կարևորել է համաժողովին Հայաստանի մասնակցությունը և ներկայացրել նախարարության կողմից կլիմայական օրակարգում իրականացված աշխատանքները։ Նախարարի տեղակալն անդրադարձել է բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և անտառկառավարման քաղաքականության մշակմանը։

Աննա Մազմանյանը խոսել է էլեկտրական շարժիչով մեքենաների շահագործման վերաբերյալ, ներկայացրել Հայաստան դրանց ներկրումների թվի դրական դինամիկան և ցանկություն հայտնել Մեծ Բրիտանիայի Թագավորության հետ դրանց շահագործումն ընդլայնելու փորձի փոխանակում իրականացնել։

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել Կլիմայական օրակարգին։ 2021 թվականի մայիսի 13-ին Կառավարության կողմից ընդունվել է «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը։

Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ ՇՄ նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից իրականացված ծրագրերին։

Ծրագրի շրջանակներում մշակվել է նաև «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության բնապահպանության, պարենի և գյուղատնտեսության դեպարտամենտի միջև փոխըմբռնման հուշագրի» նախագիծը, որի նպատակն է ապահովել համագործակցության շրջանակ` նպաստելով շրջակա միջավայրի կառավարման համակարգի բարելավմանը։

Նախագիծը դիվանագիտական ուղիներով փոխանցվել է Բրիտանական կողմին ստորագրման գործընթացը կազմակերպելու նպատակով։

«Շրջակա միջավայրի նախարարությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը վերանայել և վերսկսել գործընթացը՝ բարձր գնահատելով Միացյալ Թագավորության առաջադեմ փորձը և խոշորագույն ներդրումը շրջակա միջավայրի, մասնավորապես կլիմայի փոփոխության ոլորտում»,- նշել է նախարարը։

Դեսպան Գալագերն իր հերթին խոստացել է քննարկել և վերսկսել գործընթացը։

«Շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը խոսել է 2021 թվականի հուլիսի 6-ին ընդունված ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին ՀՀ վարչապետի որոշման վերաբերյալ:

Արդյունքում հնարավոր կդառնա ապահովել ՄԱԿ-ի Կլիմայի կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների իրականացման գործընթացի համակարգումը»,- հաղորդում են շրջակա միջավայրի նախարարությունից։

Հանդիպման ավարտին նախարար Ռոմանոս Պետրոսյանը շրջակա միջավայրի նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել հետայսու ևս գործընկերային մթնոլորտում ձեռնամուխ լինել երկրների միջև երկկողմ հարաբերությունների խորացմանն ու դրանց արդյունավետության բարձրացմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում