Տավուշի մարզում քննարկվել է բուժաշխատողների հավաստագրման կազմակերպումը
Այսօր Տավուշի մարզպետարանում կայացավ մարզի առողջապահական կազմակերպությունների հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին աշխատանքային կարգապահության, դեղորայքային ապահովվածության, ինֆեկցիոն հիվանդությունների հնարավոր բռնկումների, ՀՀ ԱՆ նոր հրամանների և առողջապահական չափորոշիչների ներդրման, դեղատոմսերի և անաշխատունակության թերթիկների էլեկտրոնային գրանցման և այլ խնդիրներ։ Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:
Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը և ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ «Տավուշ» մասնաճյուղի տնօրեն Արմեն Նազինյանը մանրամասն ներկայացրին COVID-19-ի, մանկական իմունոպրոֆիլակտիկայի, մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ իրականացվող պատվաստումների կատարողականը և ծագած խնդիրների հաղթահարման ռազմավարությունը։
Նշվեց, որ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման համար այսօրվանից «Իջևանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ի տարածքում կայանել է շարժական մամոգրաֆիկ սարքը, որով կիրականացվեն ընտանեկան բժիշկների մոտ հերթագրված 50-69 տարեկան կանանց անվճար մամոգրաֆիկ հետազոտություններ։
Գործակարգավարական խորհրդակցության ավարտից հետո կայացավ՝ ՀՀ ԱՆ կողմից կազմակերպված բուժաշխատողների հավաստագրման և հավաստագրման գործընթացի կազմակերպմանը ներկայացվող պահանջների իրազեկում-քննարկում, որին մասնակցեցին ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ ԱՆ «Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։
ՀՀ ԱՆ «ԱԱԻ» ՓԲԸ-ի թիմը մանրամասն ներկայացրեց հավաստագրման և կրեդիտների ձեռքբերման գործընթացը։
Կարծիքներ