«Սևան» ազգային պարկում ամփոփվել են Սևանա լճի հանրային 5 լողափում հանգիստ կազմակերպելու մրցույթի արդյունքները
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ամփոփվել են Սևանա լճի հանրային 5 լողափում ջրափնյա հանգիստ կազմակերպելու և սպասարկում իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթին ներկայացված հայտերը՝ հաղորդում են Շրջակա միջավայրի նախարարությունից:
Մրցութային հանձնաժողովը, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ, քննել է յուրաքանչյուր լոտի համար ներկայացված ներդրումային ծրագիր-նախագծերը։ Հանձնաժողովի անդամների և դիմումատուների ներկայությամբ բացվել են ծրագրերի փաթեթները:
Հանձնաժողովը դիտարկել է դրանցից յուրաքանչյուրի համապատասխանությունը մրցույթի համար նախապես ներկայացված չափորոշիչներին։ Դրանք են՝
-համապատասխանությունը մրցույթի կարգով սահմանված պահանջներին և պայմաններին.
-առաջարկվող բարձր վճարի չափը.
-օբյեկտի կարճ ժամանակում շահագործման հնարավորությունը (իրատեսական ժամկետը).
-ներդրումների չափը (ֆինանսական երաշխիքների առկայությունը).
-նախատեսվող գործունեության կայունությունը (շարունակականությունը).
-սոցիալ-տնտեսական բաղադրիչ (ստեղծվող աշխատատեղերի թիվը. ազդեցությունը տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա).
-ռիսկերի գնահատումը և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների առկայությունը։
Հաղթող ճանաչված ներդրումային ծրագրերով հանրային լողափերից մեկը գտնվում է Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Սևան-Գավառ ավտոմայրուղուց դեպի լիճ ընկած ափամերձ հատվածում, իսկ երկրորդը՝ Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրին հարակից Սևան-Ճամբարակ ավտոմայրուղուց մինչև լիճն ընկած ափամերձ հատվածում:
Հաղթող մասնակիցների հետ կկնքնվեն պայմանագրեր։
Շնորհավորելով հաղթող ներդրումային ծրագրերի հեղինակներին, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հույս է հայտնել, որ տեսանելի ապագայում արդեն նկատելի կլինեն ծրագրերում նշված քայլերի իրականացման առաջին արդյունքները։ Նախարարի տեղակալը նաև խնդրել է լողափերին հարակից համայնքների հետ սերտ կապ պահպանել՝ նպաստելով նաև այդ բնակավայրերի սոցիալական խնդիրների լուծմանը։
Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է, որ խստիվ պետք է պահպանել հանրային լողափերին առաջադրված պահանջները և հանրային լողափի ու լճափնյա հանգստի նոր նշաձող սահմանել, որն օրինակ կդառնա մյուս տնտեսվարողների համար, քանի որ այս գործընթացը շարունակական է լինելու։
Կարծիքներ