Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Աշոտ Մինասյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ դատախազի որոշումը
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է, թե ինչ պատճառաբանությամբ է մերժվել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի պաշտպանի միջնորդությունը՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ։ Նա նշել է, որ փաստաբան Միհրան Պողոսյանի միջնորդությունը դատախազը մերժել է հենց այն պատճառաբանությամբ, որ դատարանի որոշումից հետո չեն փոխվել այնպիսի իրողություններ ու հանգամանքներ, որոնք նվազեցնում կամ չեզոքացնում են ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկերը:
Վերաքննիչ դատարանը կայացրել է Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշում, այդ որոշման եզրափակիչ մասը հրապարակվել է, որի հիման վրա անձը կալանավորվել է: «Կարծում եմ՝ հիմա որևէ մեկի համար արդեն գաղտնիք չէ, որ եթե դատարանը կալանքի հիմքերն առկա չհամարեր, չէր կարող նման որոշում կայացնել: Հակառակ դեպքում, հիմքերի բացակայության հիմնավորմամբ ուղղակի կմերժեր դատախազության միջնորդությունը: Եվ դատախազը պաշտպանի երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը մերժել է հենց այն պատճառաբանությամբ, որ դատարանի կողմից կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման կայացումից հետո չեն փոխվել այնպիսի իրողություններ ու հանգամանքներ, որոնք նվազեցնում, կամ չեզոքացնում են ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկերը»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասաց Աբրահամյանը:
Ավելի վաղ, դատախազը մերժել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը:
Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն` հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով Հայաստանի կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր: Այս գործով ձերբակալվել էին մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Աշոտ Ավագյանը, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, ապա ազատ արձակվել։ Ավելի ուշ, Վերաքննիչ դատարանը բավարարել էր դատախազության բողոքը և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորելու որոշում կայացրել:
Կարծիքներ