Վահագն Ալեքսանյանը պարզաբանել է, թե ինչու ՀՀ իշխանությունը պաշտոնապես չի արձագանքել Բաքվում հայ գերիների նկատմամբ շինծու դատավարությանը

Վահագն Ալեքսանյանը պարզաբանել է, թե ինչու ՀՀ իշխանությունը պաշտոնապես չի արձագանքել Բաքվում հայ գերիների նկատմամբ շինծու դատավարությանը

Ալեքսանյանն անդրադարձավ Բաքվում հայ գերիների նկատմամբ անցկացվող կեղծ դատավարություններին և դրանց Հայաստանի  իշխանության արձագանքին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողի հարցին՝ ի՞նչու ՀՀ իշխանությունը պաշտոնական մակարդակով չարձագանքեց Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ Բաքվում տեղի ունեցող կեղծ դատավարություններին, Ալեքսանյանը պատասխանեց, որ ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանն այդ թեմայով հանդես է եկել հայտարարությամբ։

Ըստ Ալեքսանյանի՝ նման իրավիճակներում պետք է խոսեն այն մարդիկ, որոնք անմիջականորեն ներգրավված չեն բանակցությունների գործընթացում։ «Այստեղ դիվանագիտական նյուանս կա, և ավելորդ հանրայնացումը միայն ու միայն խանգարում է գերիների վերադարձի գործընթացին»,- ասաց պատգամավորը։ 

Նա ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը ոչ մի վայրկյան չի դադարել և չի դադարելու աշխատել այդ ուղղությամբ։ 

Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ 

Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։ 

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվել է առանձին։ 

Թե՛ Ռուբեն Վարդանյանի, թե՛ մյուս մեղադրյալների գործով դատական նիստն անցկացվել է հունվարի 17-ին։  Վարդանյանի հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 27-ին, իսկ մյուս մեղադրյալների դատական նիստը՝ հունվարի 21-ին։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում