Հայկ Մարությանը հրաժեշտ է տվել քաղաքապետարանի աշխատակազմին (լուսանկարներ)

Հայկ Մարությանը հրաժեշտ է տվել քաղաքապետարանի աշխատակազմին (լուսանկարներ)

Քաղաքապետարանում հրավիրված հանդիպման ժամանակ Հայկ Մարությանը հրաժեշտ է տվել աշխատակազմին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:

Շնորհակալություն հայտնելով երեք տարիների համատեղ աշխատանքի համար՝ Հայկ Մարությանը նշել է, որ մեծածավալ աշխատանքներ են կատարվել քաղաքային տնտեսության բոլոր ուղղություններով, և որ կարևոր է, տրվել են համակարգային լուծումներ:

«Մեր ամենամեծ ձեռքբերումն այն է, որ երևանցիները տեսել ու զգացել են օրեցօր կատարվող փոփոխությունները: Սա ամենամեծ գնահատականն է, որ կարելի է ստանալ:  Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ և ձեր ընտանիքներին այս երեք տարիների աշխատանքի համար, որոնք օբյեկտիվորեն դժվար տարիներ էին.  փոփոխություններ ընդհանուր կառավարման մեջ, հետո COVID և պատերազմ: Մենք պատվով անցանք այդ ամենի միջով: Քաղաքապետերը գալիս են և գնում են, դա մշտական ընթացք է, իսկ համայն հայության մայրաքաղաք Երևանը մնում է: Ուստի, մենք բոլորս պետք է ծառայենք  մեր մայրաքաղաքին՝ շենացնենք, առաջ տանենք:

Ես ուզում եմ, որ դա արվի մշտապես, և գնալով ավելի լավ»,- նշել է Հայկ Մարությանը:

Հիշեցնենք, որ երեկ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն էր հայտնել Հայկ Մարությանին, և նա այլեւս Երեւանի քաղաքապետը չէ: Երևանի նոր քաղաքապետ է ընտրվել Հրաչյա Սարգսյանը՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում