Գյումրու ծննդատունը վերանորոգվել է, աճել է ծնունդների թիվը, վճարվել նախկին պարտքի զգալի մասը

Գյումրու ծննդատունը վերանորոգվել է, աճել է ծնունդների թիվը, վճարվել նախկին պարտքի զգալի մասը

«Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծնունդների թիվը 2022 թվականի առաջին կիսամյակում 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են։

Այս մասին տեղեկացնում է «Գյումրու բժշկական կենտրոն»-ը:

Նախորդ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում լույս աշխարհ է եկել 204 երեխա։ Նրանց թիվն այս տարվա վեց ամիսների ընթացքում կազմում է 276-ի։

Գրառման մեջ նաև ասված է.

«Մայրիկների շրջանում վստահությունը «Գյումրու բժշկական կենտրոն» մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ բարձրացել է՝ կատարված վերջին փոփոխություններից հետո։

2020 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ կառավարության որոշմամբ, «Գյումրու Ծննդատուն» ՓԲԸ-ն միավորվել է «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին։

Օպտիմալացման գործընթացի արդյունքում պահպանվել են մարդկային ռեսուրսն ու շենքային միավորը։

«Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրինությունը կառավարության որոշումից հետո ծննդատան շենքում (որտեղ այժմ գործում է մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը) իրականացրել է վերանորոգումների շարք, վերազինում։

Ամբողջությամբ վերանորոգվել է շենքի տանիքը (որտեղից տարիներ շարունակ անձրևաջրերը լցվել են շենք), հիվանդասենյակները, միջանցքները, նախածնարաններն ու ծնարանները, խորհրդատվությունների համար նախատեսված սենյակները։

«Գյումրու բժշկական կենտրոնն», իր կողմից ներդրած միջոցների և միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունքում, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը համալրել է մի շարք անհրաժեշտ նորագույն սարքավորումներով։

Բուժանձնակազմի համար պարբերաբար կազմակերպվում են նեղ մասնագիտական դասընթացներ։ Գործում է մայրության դպրոց, որն ամբողջությամբ անվճար խորհրդատվություն է տրամադրում մայրանալ պատրաստվող կանանց։

Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում, բաժանմունքում բացվել է Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբարձագինեկոլոգիայի և ռեպրոդուկցիայի ամբիոնի մասնաճյուղ։

Զարգացումներին զուգահեռ, բուժհաստատությունների միավորումից հետո «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն վճարել է նախկին ծննդատան կուտակած պարտքերի զգալի մասը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում