Բերման ենթարկվածի մեքենայում Արցախից բերված ապօրինի ինքնաձիգ է հայտնաբերվել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները փետրվարի լույս 26-ի գիշերը օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Երևանում բնակվող 36-ամյա մի տղամարդ մեքենայում ապօրինի զենք-զինամթերք ունի։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա, ընկերոջ հետ, նույն օրը հայտնաբերվել է Գայի պողոտայում ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Օպերատիվ տվյալները հավաստի են եղել. մեքենայում հայտնաբերվել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահեստատուփեր ու 100-ից ավելի փամփուշտ։ 36-ամյա տղամարդու հայտնածով՝ զենք-զինամթերքը հոկտեմբեր ամսին բերել էր Արցախից։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ծալովի դանակ, իսկ ընկերոջ մոտ՝ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված ու կաթուցիչներ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։
«Հորդորում ենք Արցախից բերված ապօրինի զենք-զինամթերք պահողներին՝ դրանք անհապաղ կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ