Հունաստանի վարչապետը Եվրոպայի համար արտակարգ ծանր ձմեռ է կանխատեսել
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Եվրոպայի համար արտակարգ ծանր ձմեռ է կանխատեսել և կրկին առաջարկել սահմանել բնական գազի գների առավելագույն շեմը: Միևնույն ժամանակ, նա կրկին կշտամբել է Ռուսաստանին գազի բարձր գների և աննախադեպ գնաճի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Միջազգային իրավիճակը, ցավոք, ծածկված է մութ ամպերով՝ կանխատեսելով արտակարգ ծանր ձմեռ։ Ուկրաինայում պատերազմի կես տարին արդեն անցել է, Ռուսաստանը հարձակվում է ամբողջ Եվրոպայի վրա՝ որպես զենք օգտագործելով բնական գազը, որի գները բարձրացել են 1000 տոկոսով: Դրանք տասն անգամ ավելի բարձր են, քան մինչ ճգնաժամը, ինչը բարձրացնում է էլեկտրաէներգիայի արժեքը, խթանում աննախադեպ գնաճային ճնշումները», - ասել է Միցոտակիսը:
Խոսելով Եվրոպայի տնտեսական խնդիրների մասին՝ Միցոտակիսն ասել է, որ այժմ ժամանակն է իրականացնելու այն, ինչ նա առաջարկել էր իր գործընկերներին ուղիղ յոթ ամիս առաջ՝ սահմանել բնական գազի գների առավելագույն շեմը և տարանջատել բնական գազի և էլեկտրաէներգիայի գները։
«Այսինքն՝ մեզ անհրաժեշտ է համաեվրոպական արձագանք ճգնաժամին»,- ընդգծել է նա։
Ըստ աղբյուրի՝ նախկինում Մոսկվան բազմիցս հերքել է այն պնդումները, թե գազը կամ նավթն օգտագործում է որպես քաղաքական ճնշման զենք: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը օգոստոսի 30-ին ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է կատարել իր բոլոր պարտավորությունները, իսկ խոչընդոտները ԵՄ երկրներն են, Կանադան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, որոնք պատժամիջոցներ են կիրառում և խոչընդոտում գազի մատակարարմանը։
Կարծիքներ