Թաիլանդի դատարանը պաշտոնանկ է արել վարչապետին
Թաիլանդի Սահմանադրական դատարանը «Փիա Թաի» կուսակցությունից վարչապետ Սրեթթա Թավիսինին մեղավոր է ճանաչել էթիկայի վարքականոնների խախտման մեջ և հեռացրել է նրան պաշտոնից։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Bangkok Post պարբերականից, այդ մասին ասված է դատական ատյանի հրապարակած որոշման մեջ։
Ինը դատավորներից հինգը քվեարկել է կառավարության ղեկավարի պաշտոնաթողության օգտին՝ նրան մեղավոր ճանաչելով խախտումների համար 2024 թվականի ապրիլին վարչապետի աշխատակազմում Փիչիթ Չինբանի՝ նախարար նշանակվելու ժամանակ։ Սրեթթա Թավիսինը Կառավարական տանը լրագրողներին հայտնել է, որ հարգում է դատարանի որոշումը։«Ես այլևս իշխանություն չունեմ: Բոլոր լիազորություններն այժմ դրված են ժամանակավոր վարչապետի վրա», - ասել է նա:
Վարչապետի հետ մեկտեղ հրաժարական է տալիս նաև նրա կաբինետը։ Ակնկալվում է, որ կառավարության ժամանակավոր ղեկավարը կդառնա փոխվարչապետ և առևտրի նախարար Փումթամ Վեչայչայը «Փիա Թաի» կուսակցությունից: Ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորներն այժմ պետք է քննարկեն և հաստատեն նոր վարչապետի թեկնածությունն այն թեկնածուների ցուցակից, որոնք նախկինում ներկայացված են եղել կուսակցությունների կողմից 2023 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո: Եթե խորհրդարանականները չկարողանան վարչապետ ընտրել նշված թեկնածուներից, ապա կառավարության ժամանակավոր ղեկավարը կարող է հայտարարել Ներկայացուցիչների պալատի արձակման մասին։ Այդ դեպքում ընտրական հանձնաժողովը հինգ օրվա ընթացքում պետք է հայտարարի խորհրդարանական ընտրությունների օրը։ Սակայն տեղական դիտորդները նման արդյունքը քիչ հավանական են համարում և կանխատեսում են իշխող կոալիցիայի պահպանումը:
Կարծիքներ