Լիբանանի հարավում 10 մարդ է վիրավորվել Իսրայելի գնդակոծության հետևանքով
Իսրայելի բանակը գնդակոծել է Լիբանանի հարավի Էլ Աբբասիա բնակավայրը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
Նշվում է, որ ըստ հանրապետության առողջապահության նախարարության, հարվածի հետևանքով տուժել է 10 մարդ, նրանցից երեքի վիճակը բժիշկները գնահատում են ծանր։
Իրադրությունը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման հետևանքով Իսրայելում 1200 մարդ զոհվեց, շուրջ 250 մարդ՝ գերեվարվեց։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվը մոտենում է 40 000-ի։ Այս ընթացքում պարբերաբար հարվածներ են փոխանակում նաև Իսրայելը և Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շարժումը։
Տարածաշրջանում իրավիճակն ավելի է սրվել Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիյեի սպանությունից և Բեյրութում իսրայելական հարվածից «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունից հետո։ Իրանը և ՀԱՄԱՍ-ը Հանիյեի սպանության մեջ մեղադրում են Իսրայելին և խոստացել են վրեժ լուծել դրա համար։ Իսրայելը չի հաստատել և չի հերքել իր առնչությունը դրան։
Կարծիքներ