Ուկրաինայում ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան․ ՀՀ ԱԳՆ
Ուկրաինայում գտնվող Հայաստանի քաղաքացիների շրջանում տուժածներ չկան, փոխանցում է արտաքին գործերի նախարարությունը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։
Կապի խափանումների պատճառով այսօր ևս «Ազատությունը» մեծ դժվարությամբ կարողացավ կապ հաստատել Ուկրաինայի հայերի միության Դոնեցկի մարզի ղեկավարի հետ։ Վահագն Մաթևոսյանը Մարիուպոլում է բնակվում, զրույցի պահին քաղաքում հանգիստ էր։
«Այս պահին կարող եմ ասել, որ համեմատաբար հանգիստ է իրավիճակը, կրակոցներ լսվում են հեռվում ու ոչ ինտենսիվ։ Գիշերը համեմատաբար հանգիստ է եղել՝ զարմանալիորեն, չնայած որ երեկ ամբողջ օրը եղել են կրակոցներ ու մարտեր։ Քաղաքի Восточный микрорайон է կոչվում էդ մասը, ավելի մոտ է գտնվում թեժ գծին, էդ մասում երեկ տեղեկություններ ստացա, որ մի քանի արկ ընկել է փողոց, մի բարձրահարկ շենքի վրա է ընկել, մեքենաներ են այրվել, սեփական տան վրա է ընկել արկ, կան զոհեր, վիրավորներ», - ասաց Ուկրաինայի հայերի միության Դոնեցկի մարզի ղեկավարը։
Գիշերը ռմբակոծությունների ձայների տակ անցկացրած Մաթևոսյանը պատմեց՝ երեկ իրականացրեն են նախապես մշակած տարհանման պլանը, բայց այս պահին այն արդեն դադարեցված է՝ բացատրելով քաղաքից քաղաք տեղափոխվելն արդեն վտանգավոր է․ - «Որոշեցինք, որ տարհանումը հենց հիմա դադրեցնենք։ Ես մի կես ժամ առաջ գրել եմ չաթում մեր բնակիչներին»։
Մաթևոսյանը պատմեց, որ Միությունը դեռ անցած շաբաթ է տարհանման պլան մշակել, որն էլ երեկ, մինչև դադարեցման մասին որոշումը, իրագործել են։ Քաղաքի հայերի կեսն արդեն տարհանված է։
«Որոշեցինք առաջին դիսլոկացիայի վայրը Դնեպրոպետրովսկ, հաշվի առնելով ռիսկերը, մոտավորապես գնահատելով տակտիկան մարտերի, թե ոնց պետք է իրականանա, որոշեցինք Դնեպրոպետրովսկ քաղաքի հայկական եկեղեցու մոտ առաջին դիսլոկացիայի վայրը։ Էնտեղից մեր հայերի միության մշյուս ներկայացուցիչները, որոնք ապրում են Դնեպրոպետրովսկում, կապվեցինք իրենց հետ, պայմանավորվեցինք, որ իրենք կդիմավորեն և կանեն առաջին օգնության քայլերը ժողովրդին։ Որոշ մասն իրենք իրենց մեքենաներով դուրս եկան, որոշ մասին, ովքեր ֆինանսական պրոբլեմներ ունեն, մեքենա չունեն, կազմակերպեցինք մեքենաները, վառելիքը, նախօրոք գնել էինք վառելիքը մեքենաների համար, կանխագուշակում էինք, որ կլինեն հերթեր, կլինի խուճապ, իրականում էդպես էլ եղավ», - ասաց Ուկրաինայի հայերի միության Դոնեցկի մարզի ղեկավարը։
Մարիուպոլում բնակվող Մաթևոսյանների ընտանիքը երեկ հյուրընկալել է նաև այն հարազատներին, որոնց բնակարանները քաղաքի մյուս ծայրամասում են՝ ռուսական սահմանին մոտ․ - «Ավելի շատ տեղահանված հայեր կան ու ավելի շատ փորձում են այն վայրերից, որտեղ կարող է մարտեր լինեն, այդ վայրերից տեղափոխվել այլ վայրերը, որտեղ ավելի հանգիստ է՝ դեպի Դնեպրոպետրովսկ, Զապորոժիե»։
Աղբյուր՝ azatutyun.am
Կարծիքներ