Հայաստանում բարեհաջող կերպով իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը. ԱՆ

Հայաստանում բարեհաջող կերպով իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը. ԱՆ

Առողջապահության նախարարությունը Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպել է երկօրյա աշխատաժողով լրագրողների համար` իրազեկելու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ոլորտում մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր մանրամասները: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

 

Հայաստանում բավականին բարեհաջող իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը, մասնավորապես` երիկամի, լյարդի և ոսկրածուծի ցողունային բջիջների:

 

2022 թվականին Հայաստանում կատարվել է երիկամի 16, լյարդի 2, ոսկրածուծի ցողունային բջիջների 27 փոխպատվաստում: 2023 թվականին իրականացվել է երիկամի 20, լյարդի 5 և ցողունային բջիջների 43 փոխպատվաստում: 2024 թվականին երիկամի 22, լյարդի 4 և ոսկրածուծի 57 փոխպատվաստում է իրականացվել: Իսկ 2025 թվականի մայիսի 21-ի տվյալներով` երիկամի 8, ոսկրածուծի ցողունային բջիջների 23 փոխպատվաստում է կատարվել:

 

Մեր երկրում արդեն առկա են բոլոր հնարավորությունները փոխպատվաստումներ սկսել նաև դիակային դոնորից, մասնավորապես` աչքի եղջերաթաղանթի:

 

Կարևորելով դիակային դոնորությամբ կյանքեր փրկելն ու կյանքի որակի բարելավումը` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է. «Սա կյանք փրկող, բայց շատ զգայուն թեմա է, և այս ծրագրի հաջողությունը խիստ կախված է հասարակության ճիշտ ընկալումից: Պետք է հասարակությունը նախ իրազեկ լինի, այս թեմայով ստանա բացառապես ճշգրիտ ինֆորմացիա` զերծ բոլոր միֆերից, ինչի արդյունքում էլ հաստատ մշակույթի փոփոխություն տեղի կունենա»:

 

Դիակային դոնորությամբ կյանքեր փրկելու, ինչպես նաև առողջապահական ոլորտի զարգացման կարևորության մասին խոսել են ԱՆ խորհրդատուներն ու համապատասխան մասնագետները:

 

Ակնաբուժության գծով ԱՆ խորհրդատու Արտաշես Զիլֆյանը ներկայացրել է եղջերաթաղանթի դիակային փոխպատվաստումը Հայաստանում իրականություն դարձնելու անհրաժեշտությունը` նշելով հատկապես տեսողությունը կորցնելու վտանգի առաջ կանգնած երեխաների, պատերազմում վիրավորում ստացած և իրենց աչքի լույսին սպասող բազմաթիվ երիտասարդների մասին:

 

 

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, բարձր գնահատելով առողջապահության նախարարության հետ համագործակցությունը, ընդգծել է, որ վավերացնելով Օվիեդոյի կոնվենցիան` Հայաստանը հանձնառու է պաշտպանելու մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ:

 

Հայաստանում Աչքի բանկի ներդրման, բնակչության տեղեկատվության տրամադրման, օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման նշանակության, ինչպես նաև դոնորության նախապայմանների ու իրավական կարգավորումների մասին հանգամանալից խոսել են ԱՆ մասնագետները:

 

Լրագրողների բազմաթիվ հարցերին պատասխանել են մասնագետներն ու տեսակապով միացել է նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում