Արարատյան դաշտում կիրականացվեն 15 խորքային հորի կոնսերվացման և 14 խորքային հորի լուծարման աշխատանքներ

Արարատյան դաշտում կիրականացվեն 15 խորքային հորի կոնսերվացման և 14 խորքային հորի լուծարման աշխատանքներ

Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների քանակի կտրուկ նվազման խնդրի կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։ Հիմնավորման համաձայն՝ Արարատյան դաշտի ջրային ռեսուրսները պատմականորեն հիմնականում օգտագործվել են խմելու և ոռոգման նպատակներով: 2006 թ.-ից սկսած այնտեղ սկսել են գործել մեծ քանակությամբ ձկնաբուծարաններ: Բավականին կարճ ժամանակահատվածում ձկնաբուծությունը դառնում է Արարատյան դաշտի ամենառեսուրսատար ջրօգտագործումը: 2013 թ. ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրի քանակը գերազանցել է կայունության շեմը՝ տարեկան կտրվածքով սպառվում էր մոտ 1,6 անգամ ավելի ջուր, քան հասցնում էր ձևավորվել: Դա էլ պատճառ է հանդիսանում արտեզյան ստորերկրյա ջրերի ճնշման կտրուկ անկմանը, ինչի արդյունքում ստորերկրյա ջրերի քանակը կտրուկ նվազում է, իսկ որոշ աղբյուրներ ընդհանրապես ցամաքում են:

Ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել կրճատել, կանոնակարգել և նորմավորել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների օգտագործումը, որի համար նախատեսվում է իրականացնել խորքային հորերի լուծարման և կոնսերվացման աշխատանքներ։ Որոշմամբ՝ «Արարատյան դաշտի ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող և բացասական մակարդակով հորերի լուծարում և կոնսերվացում» միջոցառմանը կուղղվի 68 928,0 հազ. դրամ: Հատկացվելիք գումարի շրջանակում նախատեսվում է իրականացնել 15 խորքային հորի կոնսերվացման և 14 խորքային հորի լուծարման աշխատանքներ։ Արարատյան դաշտի խորքային հորերի լուծարման և կոնսերվացման արդյունքում նախատեսվում է խնայել շուրջ 235.0 լ/վրկ ջրաքանակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում