Չինաստանում կոռուպցիայի համար մահապատժի է ենթարկվել China Huarong պետական ընկերության նախկին ղեկավարը
Չինաստանում կոռուպցիայի և կաշառակերության համար մահապատժի է ենթարկվել China Huarong ակտիվների կառավարման պետական ընկերության նախկին նախագահ Լայ Սյաոմինը, հաղորդում է Bloomberg գործակալությունը։
«Այսօր առավոտյան Տյանցզին քաղաքի երկրորդ ատյանի ժողովրդական դատարանը կատարեց Լայ Սյաոմինի մահապատժի դատավճիռը»,- ասված է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության հաղորդագրության մեջ:
Նշում է, որ Լայ Սյաոմինը մահապատժի է դատապարտվել դեռևս հունվարի 5-ին։ Դատարանը վճռել է, որ նա ապօրինի կերպով յուրացրել է ավելի քան 25 մլն յուան (մոտ 3,9 մլն դոլար), 1,79 մլրդ յուան (մոտ 280 մլն դոլար) կաշառք է ստացել, ինչպես նաև երկար ժամանակ ապրել է այլ կանանց հետ, չնայած ամուսնացած լինելու հանգամանքին։
Չինական ԶԼՄ-ները գրում են, որ Լայ Սյաոմինն ունեցել է ավելի քան 100 բնակարան և նույնքան սիրուհիներ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա իր սիրեցյալներին տեղավորել է 33 ձեռնարկություններում։
Նրա դեմ հետաքննությունը սկսվել է 2018 թվականին, և այդ նույն տարում նրան հեռացրել են պաշտոնից։ 2020-ին նա խոստովանել է, որ Պեկինում գտնվող իր բնակարանում պահում է փող, թանկարժեք իրեր և այլ ակտիվներ՝ բնակարանն անվանելով «սուպերմարկետ»։ Լայ Սյաոմինը հայտարարել է, որ կաշառքով ձեռք բերված գումարից «ոչ մի գրոշ չի ծախսել», այլ հույս է ունեցել դրանք պահել իր երեխաների համար։
China Huarong-ը Չինաստանի կառավարության կողմից 1997 թվականի ասիական ֆինանսական ճգնաժամ հետո հիմնադրված չորս ընկերություններից մեկն է:
Կարծիքներ