Պուտինն ու Սի Ծինփինն ընդհանուր պատասխան կտան Բայդենին. Незаисимая Газета

Պուտինն ու Սի Ծինփինն ընդհանուր պատասխան կտան Բայդենին. Незаисимая Газета

Ռուսական Независимая Газета հրատարակությունը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է ԱՄՆ-ին դիմակայելու համատեքստում ռուս-չինական համագործակցությանը: Հոդվածում մասնավորապես նշվում է, որ Ալյասկայում ամերիկացի և չինացի պաշտոնյաների հանդիպումից անմիջապես հետո Ռուսաստանի արտգործնախարարի ժամանումը Չինաստան ենթադրում է, որ Մոսկվան և Պեկինը որոշել են համաձայնեցնել իրենց պատասխանը Վաշինգտոնի կողմից միաժամանակ երկու տերություններին նետված մարտահրավերին: Փորձագետները կարծում են, որ Պեկինը համոզվել է, որ նոր վարչակազմի օրոք ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն ավելի կոշտ կլինի, քան Դոնալդ Թրամփի օրոք էր: Ուստի, որոշվել է ամրապնդել Ռուսաստանի հետ համագործակցությունը տնտեսական ոլորտում, ինչպես նաև այնպիսի թեժ խնդիրների շուրջ, ինչպիսիք են Իրանի միջուկային համաձայնագիրը, Հյուսիսային Կորեան և Աֆղանստանը: 

Չինացի փորձագետները Լավրովի այցն ուղղակիորեն կապում են Ալյասկայում «2+2» ձևաչափով Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի քաղբյուրոյի անդամ Յան Ցզեչիի և Վան Իի` ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հետ քննարկումների արդյունքների հետ:

Ինչո՞ւ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն Ալյասկայի քննարկումներից ընդամենը երկու օր անց գնաց Չինաստան: Չինաստանի միջազգային հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Յան Սիյույը նշում է. «Իշխանության գալով՝ ԱՄՆ նախագահ Բայդենը սկսել է հաճախակի շփվել դաշնակիցների հետ: Նա քառակողմ գագաթնաժողով է անցկացրել Ճապոնիայի, Ավստրալիայի, Հնդկաստանի ղեկավարների հետ, նրա դիվանագետները բանակցություններ են վարել ճապոնացիների և հարավկորեացիների հետ, իսկ Բլինկենը թռչում է Բրյուսել՝ հանդիպելու ՆԱՏՕ-ի և Եվրամիության գործընկերների հետ: Այսինքն` նա ստեղծում է կոալիցիա ՝ միաժամանակ ուղղված Չինաստանի և Ռուսաստանի դեմ»:

Նման պահին Լավրովի այցը կրկնակի նշանակություն է ստանում: «Նախ, սա ավանդական իրադարձություն է երկու ռազմավարական գործընկերների համար: Երկրորդ, սա պատասխան է դիվանագիտական մեծ խաղում ԱՄՆ-ի մանևրներին», - համոզված է Յանը: Լավրովի ուղևորության նպատակը Չինաստանի հետ ռազմավարական համակարգման ամրապնդումն է, որը, սակայն, նպատակ չունի Ամերիկան վերածել մշտական թշնամու: Չինաստանը ցանկանում է, որ ԱՄՆ-ն վերադառնա ճիշտ ուղի, երբ երկու երկրներն էլ հարգում էին միմյանց: Ռուսաստանը նույնպես չի ցանկանում ամբողջովին խզել կապերը Միացյալ Նահանգների հետ:

Միևնույն ժամանակ, Կոմունիստական կուսակցության կողմից հրատարակվող Global Times-ը պնդում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է «գունավոր հեղափոխությունների» միջոցով փոխել Չինաստանի և Ռուսաստանի ռեժիմները: Ուստի երկու երկրներն էլ պետք է միասին աշխատեն ամերիկյան հեգեմոնիայի դեմ պայքարելու և միջազգային քաղաքական համակարգի` հավասարության հիմքով վերափոխման համար:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հեռավոր Արևելքի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Մասլովը նշել է. «Ավելի վաղ երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների ծրագրերը ներառում էին խորհրդակցության այնպիսի թեմաներ, ինչպիսիք են համաշխարհային տնտեսության վերականգնման համար համագործակցությունն ու համավարակի հետևանքները վերացնելու շրջանակում գործընկերությունը:  Բայց նոր պահ է ստեղծվել: Չինաստանը համոզվել է, որ Բայդենի քաղաքականությունը նույնիսկ ավելի կոշտ կլինի, քան Թրամփինը: Չինաստանը հույս ուներ, որ Բայդենը կգործի ավելի ռացիոնալ, քան Թրամփը: Այս պատրանքները չիրականացան, ուստի Չինաստանը փորձում է այլ ձևերով ամրապնդել իր դիրքերը: Ռուսաստանի դերը աճում է»:

Կան խնդիրներ, որոնք Չինաստանը կարող է լուծել միայն Ռուսաստանի հետ: «Նախ, դա դոլարի ազդեցության կրճատումն է՝ դոլարի գոտուց դուրս գալը: Պատահական չէ, որ Լավրովն այդ մասին նշել է իր հայտարարություններում: Այստեղ Չինաստանը չի կարող ոչինչ անել առանց Ռուսաստանի, հաշվի առնելով, որ ռուս-չինական առևտուրը հասել է ավելի քան 100 միլիարդ դոլար ծավալի»,-եզրափակել է Մասլովը:

Չինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Լավրովն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը համատեղ հայտարարություն են պատրաստելու ռուս-չինական բարեկամության պայմանագրի ստորագրման 20-ամյակի կապակցությամբ: Հարցազրույցը, ինչ-որ իմաստով, վերջ է տալիս Ռուսաստանի, Չինաստանի և արտասահմանյան երկրների ԶԼՄ-ների կողմից այն շահարկմանը, թե Մոսկվան և Պեկինը կարող են ռազմական դաշինք կնքել: 2002 թվականի փետրվարի 22-ին պայմանագիրը վավերացվել է երկու կողմերի կողմից: Եվ Ռուսաստանը, ըստ Լավրովի, ակնկալում է, որ այն ավտոմատ կերպով 5 տարով կերկարաձգվի 2022 թվականի փետրվարի 22-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում