Թուրքական Pegasus ավիաընկերությունն առաջիկայում կսկսի Ստամբուլ-Երևան թռիչքները. թուրք նախարար
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն հայտարարել է, որ առաջիկայում Ստամբուլ-Երևան թռիչքները կվերսկսվեն:
Ըստ նրա, Pegasus թուրքական ավիաընկերությունը սկսել է նախապատրաստվել թռիչքներին, փոխադարձ թռիչքները կսկսվեն առաջիկա օրերին:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ հարաբերությունները կարգավորելու նպատակով Թուրքիան և Հայաստանը փոխադարձաբար ներկայացուցիչներ են նշանակելու, ինչպես նաև թռիչքներ են վերսկսվելու:
Թուրքիայի արտգործնախարարի այս հայտարարություններին արձագանքել էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ ինչպես նախկինում միշտ, այնպես էլ այժմ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։
Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Անկարայի հատուկ ներկայացուցիչ էլ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն է նշանակվել:
Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրների միջև բարդ հարաբերությունների պատճառ են մի շարք հանգամանքներ, որոնք վերաբերում են մասնավորապես Ղարաբաղի հարցում ադրբեջանական դիրքորոշմանն Անկարայի աջակցությանը և 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ Թուրքիայի սուր արձագանքին։
Կարծիքներ