Գարիկ Սարգսյանը նշանակվել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գարիկ Սարգսյանը նշանակվել է Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ Գարիկ Սարգսյանն ազատվել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից:
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել՝ վաղաժամկետ դադարեցնել Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները: Կառավարության որոշմամբ՝ Վեդի համայնքում նշանակվելու են ավագանու արտահերթ ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում նշանակելու է Վեդի համայնքի ավագանու ընտրության անցկացման օրը:
Վեդիում քվեարկության արդյունքում ընտրված «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել:
Կարծիքներ