Աշակերտների միջազգային գնահատման «PISA» ծրագրի ստուգատեսին ընդառաջ անցկացվել են քննարկումներ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) աշակերտների միջազգային գնահատման «PISA» ծրագրին մասնակցության նախապատրաստական աշխատանքների քննարկմանը, որը կազմակերպվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում:
Ծրագրի մասնակցությանն ընդառաջ` կարողությունների զարգացման աջակցության նպատակով Հայաստանում է գտնվում Ավստրալիայի կրթական հետազոտությունների խորհրդի ներկայացուցիչ Էնդրյու Մաննոնին, որը հուլիսի 11-15-ն աշխատանքային հանդիպումներ և խորհրդատվական քննարկումներ է անցկացնում ծրագրում ներգրավված կառույցների հետ:
«Մենք արդեն մի քանի անգամ մասնակցել ենք կրթական ոլորտի միջազգային հետազոտություններ իրականացնող «TIMSS»-ի ստուգատեսին, որի ընթացքում գնահատվել են մեր աշակերտների բնագիտության և մաթեմատիկայի կարողությունները: Դա շատ կարևոր փորձառություն է մեր կրթական համակարգի համար, քանի որ հնարավորություն ենք ունենում վերլուծելու մեր կարողություններն ու կրթական մակարդակը, համադրելու տվյալներն այլ երկրների հետ, ի վերջո հասկանալու՝ ինչ առաջնահերթ խնդիրներ կան: Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ այդ տվյալները բավարար չեն մեր համակարգի ամբողջական պատկերը ստանալու ու դինամիկան հասկանալու համար, ուստի որոշում է կայացվել մասնակցել նաև «PISA» միջազգային ստուգատեսին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ ներկա փուլում տվյալ ծրագրին մասնակցությունն առավել կարևոր է, քանի որ մեկնարկել է հանրակրթության պետական չափորոշիչների փոփոխման գործընթացը:
Էնդրյու Մաննոնին տեսապատկերների միջոցով ներկայացրել է ծրագրի մասնակցության պայմաններն ու առավելությունները՝ ընդգծելով, որ նպատակն է հետազոտել կրթական համակարգերն ամբողջ աշխարհում` թեստավորման միջոցով գնահատելով 15 տարեկան աշակերտների կարողություններն ընթերցանության, մաթեմատիկայի և բնական գիտությունների ոլորտներում։
«Արդյունքները թույլ են տալիս գնահատել երկրի կրթական համակարգում իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը և բարելավել դրանք։ Երկրները կարող են օգտագործել տվյալներն իրենց բովանդակությունը վերլուծելու համար: Ծրագիրը կարևորվում է նաև այն տեսանկյունից, որ միջազգային մակարդակում վերջինիս արդյունքները երկրի կրթական համակարգի հավաստի, վստահելի և մյուս պետությունների հետ համադրելի ցուցանիշներ են։ Միջազգային շատ վարկանիշային համաթվերում (Մարդկային կապիտալի համաթիվը, Գլոբալ ինովացիոն համաթիվը, Գլոբալ տաղանդի մրցունակության համաթիվը և այլն) օգտագործվում են հենց «PISA»-ի տվյալները»,- ընդգծել է Էնդրյու Մաննոնին։
Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Արսեն Բաղդասարյանը բարձր է գնահատել «PISA» միջազգային ստուգատեսին ՀՀ-ի մասնակցությունը` նշելով, որ հանդիպումներն ու քննարկումները կարևոր են:
«Մենք մեր կրթական համակարգը ոչ միայն միջազգային փորձագետին ներկայացնելու, այլև Հայաստանի կրթական համակարգի ձեռքբերումները նաև ներքին հարթակներում պարբերաբար քննարկելու խնդիր ունենք»,- ասել է նա:
Արսեն Բաղդասարյանը ներկայացրել է նախորդ տարիների ստուգատեսների արդյունքները՝ ուղենշելով «PISA»-ին մասնակցության ակնկալիքները:
Ելույթների ընթացքում բանախոսները պատասխանել են նաև միջոցառման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնց շուրջ էլ ակտիվ քննարկումներ են ծավալվել:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) և ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ անցկացված հանդիպման ընթացքում շահառուների լայն շրջանակի համար ներկայացվել են ծրագրի մանրամասները, ներկա են եղել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, համակարգի կառույցների, ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, միջազգային գործընկերների, ինչպես նաև դպրոցների ներկայացուցիչներ:
Կարծիքներ