Քերոբյանը հանդիպել է Իրանի նախագահի խորհրդականի հետ. քննարկվել են Պարսից ծոց-Սև ծով միջազգային բեռնափոխադրումների հարցեր
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Իրանի նախագահի խորհրդական, ԻԻՀ ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի հետ, հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։
Քերոբյանն ընդունել է Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ազատ տնտեսական գոտիների շրջանակում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, կողմերն անդրադարձել են լոգիստիկ հարցերի, և պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել դյուրացնելու բեռնափոխադրումների ընթացակարգերը:
Երկուստեք կարևորվել է տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։
«Ինչպես նաև քննարկվել են Պարսից ծոց - Սև ծով միջազգային բեռնափոխադրումների հետ կապված հարցեր:
Առանձին անդրադարձ է կատարվել նաև «Expo 2023 Իրանի ազատ գոտիներ» ցուցահանդեսին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ