«Օրենքով գող» Շահումյանցի Ժիրոն կալանավորվեց
«Օրենքով գող» Շահումյանցի Ժիրո մականունով հայտնի Ժիրայր Բրուտյանը կալանավորվել է։
Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու համար:
Նշենք, որ քրեական գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում։
Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «օրենքով գող» «Ժ.Շ.»-ն, հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում՝ հանցագործություն կատարելու վերաբերյալ հանձնարարություններ տալով խմբավորման անդամներ հանդիսացող անձանց: Վերջիններս, ստանալով եւ կատարելով նրա հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը:
Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ «Ժ.Շ.»-ն «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում պահվող, նույն հիմնարկում, այսպես կոչված, «զոն նայողի» գործառույթներն իրականացնող «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Կ.Հ.»-ին հանձնարարել է՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող, «քրեական հեղինակության», այսպես կոչված, «զոն նայող» Ս.Ա.-ին իր անունից հրահանգել ծեծի ենթարկելու միջոցով «պատժել» նույն քրեակատարողական հիմնարկի կալանավորին, ինչը, սակայն, Ս.Ա.-ն հրաժարվել է կատարել:
Իր հանձնարարությունը չկատարելու համար «Ժ.Շ.»-ն նախաձեռնել է «Արմավիր» ՔԿ հիմնարկի «զոն նայողին» փոխարինելու գործընթաց՝ «Կ.Հ.»-ին հանձնարարելով «Արմավիր» ՔԿՀ-ի քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով առաջնորդվող, «իրենց խոսքը պահող նորմալ մարդ» գտնել:
Իր հերթին «Կ.Հ»-ն հանձնարարության կատարմանը ներգրավել է «Արմավիր» ՔԿ հիմնարկում պահվող, նույն հիմնարկի «զոն նայող» «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Բ.-ին, ով երաշխավորել, ապա առաջարկել է քրեակատարողական հիմնարկում պահվող «Պ.» մականվամբ կալանավորին:
Վերջինս, կրելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման վարքագծի կանոնները, ժամանակավորապես ստանձնել է նշված ՔԿՀ-ում «զոն նայողի» գործառույթները եւ 20 օրվա ընթացքում երեք անգամ ծխախոտի, ուտելիքի եւ այլնի տեսքով «դրսից բերված գրեֆներ» է բաժանել քրեակատարողական հիմնարկի կալանավորված եւ դատապարտված անձանց, ինչպես նաեւ՝ հանձնարարել 2021թ. հունվարի 18-ին եւ հունվարի 24-ին իրականացնել անկարգություններ:
Նախաքննությունը շարունակվում է։
Կարծիքներ