Ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը խաթարում է Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված գործընթացները. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստին հաջորդած ճեպազրույցին ամփոփել է երկօրյա աշխատանքները:
Նա նշել է, որ գործընկերներին մանրամասն տեղեկություններ է ներկայացրել Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ մասնավորեցնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան զինված ագրեսիային վերաբերող դրվագները: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ 2022 թ. սեպտեմբերի 13-ի ռազմական ագրեսիան Ադրբեջանի կողմից իրականացվել է հենց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, խախտվել են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները:
«Կարծում ենք, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը խաթարում է տարածաշրջանում իրականացվող գործընթացները՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատմանը: Հայաստանի համար կարևոր է նաև իրավիճակի քաղաքական գնահատականը, որը կներկայացնեն մեր գործընկերները»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
ՀՀ խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ ՀՀ Ազգային ժողովի համար կարևոր է համագործակցությունը միջխորհրդարանական կազմակերպությունների շրջանակում: ՀՀ ԱԺ պատգամավորները ներկայացված են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի բոլոր տասը մշտական հանձնաժողովներում: ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի պատվիրակությունը հետագայում ևս ակտիվորեն կմասնակցի ԱՊՀ ՄԽՎ համատեղ աշխատանքին՝ ուղղված օրենսդրության արդիականացմանը, հումանիտար և մշակութային ոլորտներում փոխգործակցությանը:
Կարծիքներ