Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հունիսի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանին։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով դեսպան Յուն Ֆանին՝ Վահան Քերոբյանը կարևորել է Հայաստանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության ակտիվացումը և ընդլայնումը՝ հաշվի առնելով համագործակցության առկա չօգտագործված ներուժը։
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը Չինաստանի դեսպանին տեղեկացրել է մի քանի նոր նախաձեռնությունների մասին և հրավիրել չինական ընկերություններին մասնակցել այդ նախագծերի իրագործման աշխատանքներին, մասնավորապես՝ Երևան-Գյումրի ճանապարհին նորարարական քաղաքի նախագծման, կառուցման և շահագործման աշխատանքներին, ինչպես նաև Արարատում, Մեղրիում ու Գյումրիում նախատեսված արդյունաբերական պարկերի կառուցման և գործարկման աշխատանքներին։ Նախարարի պաշտոնակատարը նաև առաջարկել է դիտարկել Մինսկի մոտակայքում կառուցված «Մեծ Քար» արդյունաբերական պարկի օրինակով Հայաստանում նմանատիպ նախագծի համատեղ իրականացման հնարավորությունը։
Գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող բարեփոխումների համատեքստում Վահան Քերոբյանն անդրադարձել է Հայաստանում ոռոգման միասնական համակարգի ձևավորման անրաժեշտությանը և քննարկել դրա համատեղ իրագործման հնարավորությունները։ Ոռոգման միասնական համակարգի գործարկման արդյունքում զգալիորեն կբարձրանա գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետությունը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում քիմիական արտադրության վերագործարկման և մետալուրգիայի զարգացման հնարավորություններին։
Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիաչվերթների բացման անհրաժեշտությունը, ինչը կդյուրացնի երկու երկրների միջև բեռների փոխադրումը և կնպաստի զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։ Խնդրի առնչությամբ Վահան Քերոբյանը հայտնել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը, անհրաժեշտության դեպքում, սուբսիդավորելու նման չվերթները։
Դեսպան Յուն Ֆանը տեղեկացրել է, որ 2020 թվականին չինական կողմը նախատեսել էր ուղիղ ավիաչվերթների բացման հնարավորությունները ուսումնասիրելու նպատակով Հայաստան գործուղել մասնագետների խումբ, ինչը, սակայն, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, տեղի չի ունեցել։ Դեսպանը հայտնել է չինական կողմի պատրաստակամությունը վերսկսելու հարցի կարգավորման շուրջ քննարկումները։ Նա նույնպես կարևորել է տնտեսական կապերի խորացումը և փոխշահավետ համագործակցությունը՝ նշելով, որ չինական կողմը հետաքրքրված է հանդիպման ընթացքում ներկայացված նախագծերի իրագործման աշխատանքներում մասնակցությամբ և խնդրել է իրենց փոխանցել առավել մանրամասն տեղեկատվական փաթեթներ վերջիններիս վերաբերյալ։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել իրենց լիազորությունների սահմաններում նպաստել հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը։
Կարծիքներ