Ռուսաստանում ակնկալում են, որ Հայաստանը կվերսկսի աշխատանքը ՀԱՊԿ-ում
Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը կվերսկսի բնականոն աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինն ասել է, որ Հայաստանի շտապ վերադարձը ՀԱՊԿ-ի նորմալ և լիարժեք աշխատանքային շրջանակ, կնպաստի կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը։
«Մենք բոլորս հետաքրքրված ենք ՀԱՊԿ գործունեության հետագա կատարելագործմամբ և նրա՝ որպես ռազմաքաղաքական դաշինքի արդյունավետությամբ։ Անշուշտ, դրան կնպաստեր Հայաստանի շտապ վերադարձը կազմակերպության նորմալ և լիարժեք աշխատանքային շրջանակ>>,- նշել է փոխնախարարը։
Պաշտոնյան, սակայն, ափսոսանք է հայտնել առ այն, որ հայ դաշնակիցներն առայժմ իրենց հեռու են պահում վերոնշյալից։
Փոխնախարարը Երևանի գործընկերներին կոչ է արել կազմակերպությանը քննադատելու փոխարեն սկսել հասունացած հարցերի քննարկումը քաղաքական և փորձագիտական մակարդակներում։
Պանկինի կարծիքով՝ Մոսկվան ելնում է նրանից, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի հետ փոխադարձ հարգալից երկխոսության շարունակումը համապատասխանում է անվտանգության ոլորտում Երևանի շահերին, ծառայում խաղաղության ու կայունության աջակցմանը եվրասիական տիրույթում՝ ներառյալ Հարավային Կովկասում։
Հայաստանը վերջին շրջանում բոյկոտել է ՀԱՊԿ-ի տարբեր հարթակներում անցկացված միջոցառումները և չի մասնակցել կազմակերպության անդամ երկրների ղեկավարների, ԱԳ նախարարների, անվտանգության խորհրդի քարտուղարների, խորհրդարանականների մակարդակներով վերջին նիստերին։
Կարծիքներ