Ռուսաստանն Ուկրաինայի դեմ բողոք է ներկայացրել ՄԻԵԴ

Ռուսաստանն Ուկրաինայի դեմ բողոք է ներկայացրել ՄԻԵԴ

Ռուսաստանը միջպետական բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 33-րդ հոդվածի հիման վրա: Газета պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է ՌԴ գլխավոր դատախազության կայքում: Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայի իշխանություններին մեղադրում է 2014 թ. Կիևի Անկախության հրապարակում և Օդեսայի արհմիությունների տանը, ինչպես նաև Դոնբասում քաղաքացիական անձանց մահվան, ապօրինի ազատազրկման և մարդկանց նկատմամբ դաժան վերաբերմունքի համար:

Բացի դրանից՝ բողոքը վերաբերում է «խոսքի ազատությունը ճնշելու և այլախոհներին հետապնդելու գործելակերպին, որը դրսևորվել է լրատվամիջոցների աշխատանքի արգելքով», կայքերի աշխատանքի արգելքով, լրագրողների, քաղաքական գործիչների և շարքային քաղաքացիների հետապնդումներով:

Դիմումում խոսվում է նաև ռուսախոս բնակչության, ռուսական ընկերությունների և ձեռնարկատերերի նկատմամբ խտրականության, Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական, հյուպատոսական և այլ ներկայացուցչությունների վրա հարձակումների մասին:

Մոսկվան նաև անօրինական է համարում Ուկրաինայի հարավ-արևելքի որոշ տարածքների կենտրոնական իշխանությունների մարմինների ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելը, Հյուսիսային Ղրիմի ջրանցքի արգելափակումը, որը Ղրիմի թերակղզու բնակիչների քաղցրահամ ջրի հիմնական աղբյուրն է հանդիսանում:

Բողոքի մի առանձին կետ վերաբերում է 2014 թվականի հուլիսի 17-ին Մալայզիական ավիաուղիների MH17 չվերթի ինքնաթիռի կործանմանը:

«Դիմումը նպատակ ունի Եվրոպական դատարանի և ամբողջ համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել ուկրաինական իշխանությունների կողմից մարդու իրավունքների կոպիտ և համակարգված խախտումների վրա, արձանագրել միջազգային իրավունքի ոլորտում կատարված հանցավոր արարքների բազմաթիվ փաստեր, ուկրաինական իշխանություններին ստիպել դադարեցնել դրանց իրականացումը, պատշաճ հետաքննություն անցկացնել և անմիջապես մեղավորներին պատասխանատվության ենթարկել, վերականգնել խաղաղությունն ու ներդաշնակությունը Ուկրաինայի տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում