Այսօր ռինգ դուրս կգան Հովհաննես Բաչկովը, Նարեկ Մանասյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը. Բռնցքամարտի ԱԱ

Այսօր ռինգ դուրս կգան Հովհաննես Բաչկովը, Նարեկ Մանասյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը. Բռնցքամարտի ԱԱ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երեք անդամներ՝ Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանն (86 կգ) ու Նարեկ Մանասյանը (92 կգ) Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում այսօր կպայքարեն կիսաեզրափակչի ուղեգրերի համար: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայ բռնցքամարտիկները կանցկացնեն քառորդ եզրափակչի մենամարտերն ու հաղթանակի դեպքում՝ կապահովեն առնվազն բրոնզե մեդալ:

Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչի ցերեկային մրցահերթում ուժերը կչափի Կոլումբիայի ներկայացուցիչ Խոսե Մանուել Վիաֆարայի հետ, իսկ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը կմենամարտի Իսպանիայի ներկայացուցիչ Էմանուել Ռեյեսի հետ:

Ցերեկային մրցահերթի մեկնարկը ժամը 13:00-ից է:

Հիշեցնենք՝ Հովհաննես Բաչկովն ԱԱ-ի 1/8 եզրափակչում ավելի վաղ 5:0 հաշվով առավելության էր Թուրքիայի ներկայացուցիչ Կանլի Կագանի նկատմամբ, իսկ Նարեկ Մանասյանը 92 կգ քաշայինների 1/8 եզրափակչում մենամարտել իրանցի Պուրիա Ամիրիի հետ և երեք ռաունդներում ունենալով բացահայտ առավելություն՝ 5:0 հաշվով հաղթանակ տարել:

Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը ռինգ դուրս կգա երեկոյան մրցահերթում՝ ժամը 17:00-ից: Հովհաննիսյանը կիսաեզրափակչի ուղեգրի համար կմենամարտի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշիտաշվիլիի հետ:

Ռաֆայել Հովհաննիսյանն ավելի վաղ տեխնիկական նոկաուտով հաղթել էր թուրք բռնցքամարտիկին և դուրս եկել ԱԱ-ի 1/4 եզրափակիչ։ 86 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Հովհաննիսյանը ժամանակից շուտ հաղթանակի էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Հական Քոչի նկատմամբ՝ երկրորդ ռաունդում գրանցելով երեք նոկդաուն:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները պարտվել են տարբեր փուլերում:

48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը 1/16 եզրափակչում 0:4 հաշվով զիջել է Կուբայի ներկայացուցիչ Ալեխանդրո Կլարոյին, 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը նույն փուլում նույն հաշվով պարտվել է Տայպեի ներկայացուցիչ Պո-Վեյ Տուին։

Ռուսլան Ասլիկյանը 54 կգ քաշայինների 1/16 եզրափակչում մենամարտել է վենեսուելացի Ռիվաս Սեխունդոյի հետ և մրցավարների որոշմամբ 0:5 հաշվով պարտություն կրել:

Եվրոպայի փոխչեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը մեկնարկել է 1/16 եզրափակչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել է իրանցի Պոուրիա Աբդուլմալեկիերին, սակայն 1/8 եզրափակչում 1:4 հաշվով զիջել է Հորդանանի ներկայացուցչին:

Արթուր Ղազարյանը (60 կգ) 1/16 եզրափակչում նոկաուտով հաղթել է Բուրունդին ներկայացնող Մուհամեդ Նտունգիեբոսեին, սակայն հաջորդ փուլում զիջել է Զամբիայի ներկայացուցչին։

Գուրգեն Մադոյանը (67 կգ) ԱԱ-ի 1/8 եզրափակչում պարտվել է Մոնղոլիայի ներկայացուցիչ Միշեելտ Բատումուրին։ Մադոյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ մրցել էր Տայպեյի ներկայացուցիչ Լին Յունի հետ և 5:0 հաշվով հաղթանակ տարել։

Համբարձում Հակոբյանը 80 կգ քաշայինների 1/16 եզրափակչում պարտվել է Չինաստանի ներկայացուցիչ Տ. Կե Թուոհետաերբիեին, իսկ աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (92+ կգ) 1/16 եզրափակչում 0:5 հաշվով պարտվել է Չինաստանի ներկայացուցիչ Դանաբիեկե Բայկեվուզիին։

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում է Կարեն Աղամալյանի գլխավորությամբ:

Հայ մարզիկների ելույթներին մրցավայրից հետևում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում