Ռուսաստանն աշխատում է «3+3» հարթակը կազմակերպության վերածելու ուղղությամբ

Ռուսաստանն աշխատում է «3+3» հարթակը կազմակերպության վերածելու ուղղությամբ

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան աշխատում է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումի ժամանակ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի արած հայտարարությունը։ 

«Տարածաշրջանի բոլոր երկրների շահերի ներդաշնակեցման գործում մենք կարևոր տեղ ենք հատկացնում «3+3» տարածաշրջանային համագործակցության պլատֆորմին», - նշել է Միխայիլ Գալուզինը։ 

«3+3» խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ 

Հարթակի երկրորդ նիստը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին։ Նիստը կայացել է Իրանի մայրաքաղաք  Թեհրանում՝ արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։ 

2024 թվականի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում տեղի է ունեցել հարթակի 3-րդ հանդիպումը, որի արդյունքներով մասնակից երկրների արտաքին գործերի նախարարները ընդունել են համատեղ հայտարարություն։ Այս հանդիպմանը ևս Վրաստանը չի մասնակցել։   

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում