2-ամյա երեխան 4-րդ հարկի պատուհանից անզգուշաբար ցած է ընկել․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Երեկ՝ մարտի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ԳՈՒՎ, պնևմոթորաքս, ազդրոսկրի կոտրվածք և ցայլքի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։
Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 2-ամյա Լեո Ո.-ն է։
Արդեն հիվանդանոցում երեխայի մայրը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում երեխան՝ իր որդին, իրենց տան ննջասենյակի պատուհանը բաց լինելու հետևանքով անզգուշաբար ցած է ընկել։
Աղբյուրը հայտնում է, որ երեխան ընկել է 4-րդ հարկից։
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Կարծիքներ