Ովքեր կարող են խնամվել շուրջօրյա խնամքի հաստատություններում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է շուրջօրյա խնամքի ծառայություններ մատուցել նախարարության ենթակայությամբ գործող հաստատություններում (տուն-ինտերնատ) և դրամաշնորհի տրամադրման պայմանագիր կնքած կազմակերպությունների խնամքի կենտրոններում։
Ծառայությունները տրամադրվում են դրա կարիքն ունեցող՝ 65 տարեկանը լրացած տարեց և 18 տարեկանը լրացած՝ հաշմանդամություն ունեցող անձանց՝ գնահատված անհատական սոցիալական կարիքի հիման վրա։
Շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամվող անձանց տրամադրվում է կացարան, խնամք, առաջնային բժշկական օգնություն և սպասարկում, սոցիալ-հոգեբանական օգնություն, իրավական խորհրդատվություն, պրոթեզաօրթոպեդիկ ու վերականգնողական պարագաներ և այլն։ Տարեցներն ապահովվում են սննդով, հագուստով, անհրաժեշտ կահույքով, անձնական հիգիենայի պարագաներով։
Անհրաժեշտ ծառայություններ ստանալու համար քաղաքացին կարող է դիմել իր բնակության վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթեր, բժշկական քարտ։ Անհատական սոցիալական կարիքների գնահատումից և խնամքի տրամադրման դրական եզրակացությունն ստանալուց հետո քաղաքացին կուղեգրվի համապատասխան հաստատություն։
Սոցապնախարարությունը հիշեցնում է, որ պետական ենթակայությամբ գործում է խնամքի 4 հաստատություն․ 2-ը՝ ընդհանուր տիպի (Նորքի տուն-ինտերնատ և Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ), 2-ը՝ հատուկ մասնագիտացված (Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ և Ձորակ խնամքի կենտրոն)։ Դրամաշնորհի տրամադրման պայմանագրի հիման վրա խնամքի ծառայություններ են մատուցում նաև Վանաձորի տարեցների տուն հիմնադրամն ու Գյումրու տարեցների խնամքի կենտրոնը։
Կարծիքներ