Երևանի քաղաքապետը հանձնարարեց 100 նոր ավտոբուսների ձեռքբերման մրցույթ հայտարարել

Երևանի քաղաքապետը հանձնարարեց 100 նոր ավտոբուսների ձեռքբերման մրցույթ հայտարարել

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում անդրադարձավ ներդրված նոր ավտոբուսներում վճարման կարգին: Քաղաքապետը հանձնարարել էր, որ վարորդների մոտ որոշակի գումար լինի՝ դրամ մանրելու համար: Քաղաքացիները երբեմն 100 դրամ չեն ունենում ավտոբուսի վճարման տուփ նետելու համար:

«Ձեր հանձնարարականով դա արդեն կիրառության մեջ է, բոլորին տրվել է 10 հազարական դրամ ավանսային տեսքով, այսօրվանից կշրջանառվի: Պատեհ առիթից օգտվելով՝ խնդրում եմ մեր բնակիչներին՝ այնուամենայնիվ, ունենալ 100 դրամանոց»,- ասաց Թարփոշյանը:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց նաև, թե նոր երթուղի դուրս բերելու համար «Ժոնգ տոնգ» մակնիշի քանի ավտոբուս կա:

«Այս պահին ունենք 54 միավոր տեխնիկա: Մայիսի 1-ին կունենանք երթուղիներ՝ «Ժոնգ տոնգ» մակնիշով սպասարկելու համար»,- ասաց Թարփոշյանը:

Քաղաքապետը հանձնարարեց մրցութային փաթեթ նախապատրաստել այդ դասի նոր ավտոբուսներ ձեռք բերելու համար:

«Եկեք 2 շաբաթվա ընթացքում 100 նոր ավտոբուսների ձեռքբերման մրցույթ հայտարարենք»,- ասաց Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում