Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել. դատական նիստը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել. դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի՝ կաշառքի գործով հերթական դատական նիստը։ 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին ներկայացրեց ապացույցներ, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները վարակվել են կովիդով, իսկ ինքը՝ Քոչարյանը, հանդիսանում է կոնտակտավոր և կովիդի թեստ է հանձնել, հետևաբար չի ներկայացել դատական նիստին։

Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ նշեց, որ հունվարի 22-28-ը տեղի են ունենալու  ԵԽԽՎ հերթական նստաշրջանի նիստերը, որին ներկա գտնվել դատարանը թույլ չէր տվել Արմեն Գևորգյանին, քանի որ եղել է հնարավորություն նիստերին մասնակցելու առցանց եղանակով: Արմեն Գևորգյանը պաշտպանի միջնորդությամբ դատարանին տեղեկացրեց, որ այսօր տեղի է ունենում ԵԽԽՎ լիագումար նիստ, բացի դրանից, նաև հանձնաժողովի նիստ, որի անդամ է նաև Արմեն Գևորգյանը։ Հիմք ընդունելով հանգամանքը, որ Գևորգյանը որպես պատգամավոր և հանձնաժողովի անդամ ունի պարտավորություն մասնակցելու այդ նիստերին, ուստի չի կարող մասնակցել այսօր նշանակված դատական նիստին և խնդրում է այն տեղափոխել մեկ այլ օր։ 

Այսպիսով, դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգեց նիստը, այն նշանակվեց սույն թվականի փետրվարի 1-ին, ժամը 13-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում