Բարձր գնահատելով արված գործը. Պարգևներ են նախատեսված պատերազմին մասնակցած ԱԻՆ-ի 227 աշխատակցի համար
Հ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներից 227 հոգի, հիմնականում փրկարարներ, հրշեջներ, կամավորական խումբ ձևավորելով, պատերազմի օրերին ծառայություն են իրականացրել Արցախի առաջնագծում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը նշեց, որ բարեբախտաբար իրենց աշխատակիցների շրջանում զոհեր և վիրավորներ չկան:
«Մենք նաև մշտապես Արցախում ունեցել ենք մեր աշխատակիցներից կազմված խումբ, որը տեղում օգնել է ապաստարաններում գտնվող մեր հայրենակիցներին սննդի մատակարարման հարցով: Իրենց աջակցություն են ցուցաբերել Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներին ռմբակոծության հետևանքները վերացնելու հարցում՝ հրդեհների մարում, հնարավորության սահմաններում ենթակառուցվածքների վերականգնում»,-ասաց Արմեն Փամբուխչյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը, բարձր գնահատելով իր աշխատակիցների ներդրումն Արցախում, սկսել է նրանց պարգևատրման գործընթաց: Արդեն նրանց մի մասը պարգևատրվել է շքանշաններով:
Նախարարի տեղակալը նկատեց, որ ԱԻՆ-ի աշխատանքները, սկսած սեպտեմբերի 27-ից, երբ սկսվեց պատերազմը, եղել են բավական հագեցած: Գերատեսչությունը, բացի իր հիմնական գործառույթներից, իրականացրել է նաև հումանիտար օգնության կազմակերպումը: Մասնավորապես, ԱԻՆ-ը ներգրավված է եղել մարդասիրական բեռ ստանալու, բաշխելու, տեսակավորելու գործընթացում, որը ներկայում էլ շարունակվում է: Հումանիտար օգնությունը հասցվել է ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում գտնվող արցախցիներին:
ԱԻՆ-ը նաև բուժվարչության միջոցով իրականացրել է վիրավորների տեղափոխում, առաջին բուժօգնության կազմակերպում, այդ օրերին գործել է դաշտային հոսպիտալ: Պատերազմի օրերին իրականացվում էին նաև զոհված զինծառայողների դիակների դուրսբերման աշխատանքներ: Այս փուլում ՀՀ ԱԻՆ-ը հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի միջոցով ապահովում է շինանյութերի, հումանիտար ապրանքների տեղափոխում: Նախարարի տեղակալը նշեց, որ մարդկային ռեսուրսով Արցախին աջակցություն չի ցուցաբերում, որովհետև ներկայում դեռ չկա դրա կարիքը:
Կարծիքներ