Կապանի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել մի շարք առերևույթ չարաշահումներ կատարելու համար

Կապանի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել մի շարք առերևույթ չարաշահումներ կատարելու համար

ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Կապան համայնքի նախկին ղեկավարի կողմից մի շարք չարաշահումներ կատարելու դեպքի հանգամանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Կոմիտեից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Կապան համայնքի նախկին ղեկավար Ա. Հ.-ն, 2012 թվականից մինչև 2018 թվականը զբաղեցնելով նշված պաշտոնը, հաստատապես տեղյակ լինելով, որ նույն համայնքի բնակիչներից մեկը, համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Քաջարանյան մայրուղու վրա գործող ռեստորանային համալիրի դիմաց գտնվող 1,4 հա հողամասի վրա շարունակում է ինքնակամ կառուցել դեռևս 2008 թ.-ից սկսված 64 ք/մ շինությունը, որը նրա մահից հետո՝ 2016թ.-ին, շարունակել է որդին, պաշտոնավարման ընթացքում նշված շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու, ինչպես նաև նրանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չի ձեռնարկել:

Բացի այդ, Ա.Հ.-ն ապօրինի կառուցված վերոնշյալ շինությունում անխափան ջրամատակարարումն ապահովելու անձնական դրդումներով, 2017 թ. հոկտեմբերի 2-ին կազմել և Կապան համայնքի վերոնշյալ բնակչի որդուն է հանձնել կեղծ փաստաթուղթ հանդիսացող տեղեկանք, թե իբր ք. Կապան Քաջարանյան մայրուղու՝ ռեստորանային համալիրի դիմաց գտնվող 1,4 հա հողամասի վրա կառույցի օրինականացման գործընթացն ընթացքի մեջ է, որն էլ այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ վերջինս ներկայացրել է «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերություն և 21.01.2019թ. տվյալ ընկերության հետ կնքել ջրամատակարարման պայմանագիր:

Քննությամբ պարզվել է նաև, որ Կապան համայնքի նախկին ղեկավարը, տեղյակ լինելով, որ հիշյալ համայնքի Բարաբաթում թաղամասի վարչական տարածքում գտնվող հողատարածքում՝ Հայաստանի Հանրապետությունում գործող հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ընկերություններից մեկը պատրաստվում է տեղադրել բջջային հիմնական կայան և վճարել այդ հողակտորն օգտագործելու դիմաց, վճարվելիք գումարները համայնքի բյուջե մուտքագրելու փոխարեն, համաքաղաքացուն օգտակար լինելու և նրա կողմից գումար վաստակելու նպատակով, .2014թ. սեպտեմբերի 30-ին կայացրած որոշմամբ՝ նշված թաղամասում գտնվող, գյուղատնտեսական նշանակության արոտ հանդիսացող, 0,015 հա մակերեսով հողատարածքը տրամադրել է համաքաղաքացուն։ Ապա 2014թ. հոկտեմբերի 6-ին տարեկան 1000 ՀՀ դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով վարձակալության պայմանագրով հողամասը հանձնել է վերջինիս:

Այնուհետև Ա.Հ.-ն, գիտակցելով, որ նշված հողամասը ենթավարձակալության է տրամադրվելու հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող վերոնշյալ ընկերությանը, առանց հողակտորի նպատակային նշանակությունը փոխելու, ապօրինի հողօգտագործումը կանխարգելելու փոխարեն, չի առարկել ապօրինի ենթավարձակալության պայմանագրի կնքման դեմ: Ավելին, 2014թ. հոկտեմբերի 29-ին նշված քաղաքացու և Կապանի համայնքապետարանի միջև կնքվել է անշարժ գույքի վարձակալության նոր պայմանագիր, որով թույլատրվել է հողամասը երրորդ անձին ենթավարձակալության տրամադրումը՝ առանց վարձատուի լրացուցիչ համաձայնության։ Ընդ որում, տվյալ պայմանագրի գործողության սկիզբ է նշվել 2014թ. հոկտեմբերի 6-ը:

Կապան համայնքի նախկին ղեկավարի կողմից վերը նշված լիազորությունները չկատարելու պատճառով հողակտորը վարձակալվել է անհամեմատ ցածր գնով՝ համայնքի համար անզգուշությամբ առաջացնելով էական վնաս, մասնավորապես՝ համայնքին չի վճարվել ընդհանուր 1.316.500 ՀՀ դրամ։

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2022 թ. դեկտեմբերի 28-ին միջնորդություն է հարուցվել հսկող դատախազին՝ Ա.Հ-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից Կապան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել արարքների կատարման պահին գործող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-ր հոդվածով և 315․2-րդ հոդվածով, որոնք համապատասխանում են գործող ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխանաբար 441-րդ հոդվածի 1-ին մասին, 445-րդ հոդվածի 1-ին մասին, 447-րդ հոդվածի 1-ին մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում