«Բրիթիշ Փեթրոլեում»-ը դադարեցրել է նավթի մատակարարումները Կարմիր ծովով

«Բրիթիշ Փեթրոլեում»-ը դադարեցրել է նավթի մատակարարումները Կարմիր ծովով

Բրիտանական նավթ արդյունահանող «Բրիթիշ Փեթրոլեում» ընկերությունը դադարեցրել է նավթի մատակարարումները Կարմիր ծովով՝ Եմենի հութի ապստամբների կողմից նավերի վրա հարձակումների պատճառով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ընկերությունն իր որոշումը պատճառաբանել է «տարածաշրջանում վատթարացող անվտանգային իրավիճակով»։ Հութիների հարձակումների պատճառով բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններ դիմել են նման քայլի։

«Բրիթիշ Փեթրոլեում»-ը հայտարարել է, որ մշտապես կդիտարկի «նախազգուշական դադարը» և կհետևի տարածաշրջանում իրավիճակին։

Ըստ վերլուծաբանների՝ եթե այլ խոշոր նավթային ընկերություններ հետևեն այս քայլին, ապա նավթի գները կարող են աճել։ Դեկտեմբերի 18-ին նավթի գներն արդեն ավելի բարձր էին․ Brent տեսակի նավթի գինն աճել է մինչև 2,6 %-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց գրեթե 79 դոլարի։

«Այս պահին պարզ չէ, թե որքան նշանակալից կլինի ազդեցությունը։ Սակայն եթե ավելի շատ փոխադրող ընկերություններ փոխեն իրենց ուղղությունը, և եթե (խմբ․՝ փոխադրումների) այս խափանումը մեկ կամ երկու շաբաթից ավելի տևի, ապա գներն, ամենայն հավանականությամբ, կբարձրանան», - ասել է վերլուծաբան Գրեգորի Բրուն։

Կարմիր ծովը նավթի և հեղուկացված բնական գազի, ինչպես նաև սպառողական ապրանքների փոխադրման ամենակարևոր ուղիներից մեկն է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում