ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՊՄՀՊ վարչության աշխատակիցների աշխատանքային այցը՝ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի 13-րդ դարի եկեղեցի

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՊՄՀՊ վարչության աշխատակիցների աշխատանքային այցը՝ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի 13-րդ դարի եկեղեցի

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցելել են Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի 13-րդ դարի եկեղեցի։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՊՄՀՊ վարչության աշխատակիցները, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը, բարերար «ՎԱՐԴՊԵՏ» հայ մշակութային ժառանգության պահպանություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը և վերականգնող ճարտարապետ Արտակ Ղուլյանն այցելել են Նուռնուսի 13-րդ դարի եկեղեցի, տեղում ծանոթացել 2022 թ․ ամռանն իրականացված հնագիտական ուսումնասիրությունների արդյունքներին, հուշարձանի վթարային վիճակին՝ քննարկելով հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման հետագա ընթացքն ու համագործակցության շրջանակները։

Վերջերս բարերար կազմակերպությունը ցանկություն էր հայտնել իր միջոցներով իրականացնել պեղումներ, որից հետո նաև սահմանված կարգով իրականացնել հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներ։

Բարերարը տեղում ներկայացրել է իրականացրած աշխատանքների արդյունքները, քննարկվել են պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում ԿԳՄՍ նախարարության և բարերարի միջև հուշագրի կնքման կետերը։ Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել բարերարին անվճար հիմունքներով արխիվային նյութեր տրամադրել, որից հետո վերականգնող ճարտարապետը կմշակի հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը՝ դրանք ներկայացնելով լիազոր մարմնի համաձայնեցմանը։ Նախատեսվում է այս աշխատանքների արդյունքում կնքել նաև համագործակցության հուշագիր՝ Նուռնուս վանական համալիրի ամրակայման, նորոգման և վերականգնման նպատակով։

Հիշեցնենք, որ Նուռնուս գյուղի 13-րդ դարի եկեղեցին գտնվում է Հրազդանի ձորում, հանրապետական նշանակության հուշարձան է, և ունի մի շարք ենթահուշարձաններ՝ ձիթհան, օժանդակ կառույցներ, մատուռ, խաչքարեր և այլն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում