Ամփոփվել է Գրքի երևանյան 5-րդ փառատոնը. հայտնի են մրցանակակիրները
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում գրքային եռուզեռ էր. կայացել է Գրքի երևանյան 5-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված էր Վահագն Դավթյանի 100-ամյակին:
Փառատոնն այս տարի նշանավորվել է գրական հանդիպումների աշխարհագրության ընդլայնմամբ. մասնակցել են անվանի գրողներ Ֆրանսիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սլովենիայից, Կիպրոսից: Նրանց թվում էին Եվգենի Վոդոլազկինը, Ալեքսեյ Սալնիկովը, Կլաուդիո Պոցցանին, Մաքսիմ Ամելինը, Մայա Կուչերսկայան, Մարտին Սոլոտրուկը, Շալվա Բակուրաձեն, Լիլի Միխաիլիդիսը և ուրիշներ։
Գրքի երևանյան 5-րդ փառատոնն ամփոփվել է ավանդույթ դարձած գրական մրցանակաբաշխությամբ: Հայտարարվել էր գրական մրցույթ «Արձակ»,
«Պոեզիա», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում:
Ներկայացված ընդհանուր 165 հայտատուներից հաղթող են ճանաչվել. «Արձակ» անվանակարգում՝ Տիգրան Պասկևիչյանը, «Պոեզիա» անվանակարգում հավասար միավորներով՝ Կարեն Անտաշյանը և Մարինե Պետրոսյանը, «Դրամատուրգիա» անվանակարգում՝ Աննա Դավթյանը, «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում՝ Խաչիկ Գրիգորյանը: Հաղթողները նշել են՝ մրցանակը պարտավորեցնող է, և վստահեցրել՝ նոր ոգևորությամբ են շարունակելու ստեղծագործել:
Այս տարի առաջին անգամ սահմանվել էր նաև հատուկ մրցանակ: «Փառատոնի կայացման գործում ունեցած անգնահատելի ավանդի, հայ դասական և ժամանակակից գրականությունը հետևողականորեն թարգմանաբար հանրահռչակելու համար» հատուկ մրցանակի է արժանացել Լիլիթ Մելիքսեթյանը:
Փառատոնի շրջանակում տարաբնույթ միջոցառումներ են տեղի ունեցել նաև Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Ռուսական արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային գրադարանում, Երևանի պետական համալսարանում, Հայ-ռուսական համալսարանում, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում, «Զանգակ» գրատանը:
Օտարազգի գրողներին լսելը և նրանց հետ շփումները փառատոնն այս տարի կրկնակի հետաքրքիր են դարձրել. նմանօրինակ կարծիք են հայտնել միջոցառումների այցելուները: Հարևան Իրանից Հայաստան ժամանած Հաննան նշել է, որ հետաքրքրված է հայկական մշակույթով, իսկ Գրքի երևանյան փառատոնը լավ հնարավորություն է անմիջականորեն ճանաչելու գրահրատարակչական ոլորտը Հայաստանում:
Միջոցառումների շարքում, ի թիվս շնորհանդեսների, դասախոսություն-քննարկումների, գրական հանդիպումների, կայացել է նաև հայ ականավոր ռեժիսոր, սցենարիստ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և պետական մրցանակի դափնեկիր Յուրի Երզնկյանի 100-ամյակին նվիրված նամականիշի մարում՝ «Մեծանուն հայեր. Յուրի Երզնկյանի ծննդյան 100-ամյակ» թեմայով:
Նշենք, որ փառատոնը կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, կազմակերպիչն այս տարի Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն էր:
Կարծիքներ