ԿԳՄՍ նախարարն այցելել է Թբիլիսիի կրթամշակութային կառույցներ
Վրաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոց, որտեղ հանդիպել է տնօրեն Իրինա Ժամկոչյանի և մանկավարժական անձնակազմի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նախարարը կարևորել է հայ-վրացական բարեկամական կապերը և կրթության ոլորտում իրականացվող բոլոր համատեղ նախաձեռնությունները՝ ուղղված երկկողմ կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:
Ըստ աղբյուրի՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև Վրաստանի կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությունը, որի շրջանակում Վրաստանում հայերեն ուսուցմամբ հանրային դպրոցներին տրամադրվում են հայոց լեզվի և գրականության դասագրքեր և մեթոդական ձեռնարկներ, ինչպես նաև իրականացվում է հայերեն դասավանդող ուսուցիչների ատեստավորում: Նախարարը կարևորել է նաև Թբիլիսիի պետական համալսարանում գործող հայագիտական ամբիոնի գործունեությունը և զարգացումը, որի շրջանակում համալսարանում պատրաստվելու են հայոց լեզվի և պատմության մանկավարժներ:
«Անկեղծ և խորին շնորհակալություն եմ հայտնում ձեր աշխատանքի համար. դպրոցի ամեն մի անկյունից երևում է ձեր աշխատանքի սրտացավությունն ու հոգատարությունը: Ուրախ եմ, որ հենց այս պատմական շենքում և այս միջավայրում եք իրականացնում կրթության գործընթացը: Ուրախ եմ նաև, որ ձեզանից շատերն անցած տարի մասնակցել են ուսուցիչների ատեստավորմանը՝ հայոց լեզու և գրականություն առարկաներից, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի կրթության և գիտության նախարարությանը շարունակական համագործակցության համար»,- մանկավարժների հետ հանդիպմանը նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա նաև ընդգծել է, որ թե՛ տարածաշրջանում, և թե՛ ամբողջ աշխարհում Քովիդի համավարակը կրթական համակարգի համար դարձել էր ամենամեծ փորձություններից մեկը, և ուսուցիչներն այդ ընթացքում հերոսական աշխատանք են կատարել՝ այդ պայմաններում երեխաների կրթությունն ապահովելու համար:
Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի և Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Այդ կապակցությամբ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այս գործընթացը պետք է լինի շարունակական. «Մենք պետք է խրախուսենք համատեղ ծրագրերը, և ձեր դպրոցն այս հարցում կդառնա առաջամարտիկ, որին, հուսով եմ, մյուս դպրոցները ևս կհետևեն: Մենք էլ կխրախուսենք դպրոցներին՝ զարգացնելու երկկողմ համագործակցությունը, որի միջոցով կզարգանա նաև մեր երկու հարևան ժողովուրդների դարավոր բարեկամությունը: Սա շատ կարևոր միջոց է, որը կարող է նպաստել ընդհանուր նպատակներին մեր բարդ տարածաշրջանում՝ ունենալու խաղաղ, արժանապատիվ, կայուն զարգացման հնարավորություն»:
«Այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել է Թբիլիսի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն, որտեղ հանդիպել է թատրոնի տնօրինությանը և անձնակազմին, ինչպես նաև ծանոթացել թատրոնի վերանորոգման աշխատանքների ընթացքին։
ՀՀ ԿԳՄՍ նախարարին ուղեկցել է Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Իրակլի Գիվիաշվիլին։ Նշվել է, որ թատրոնի վերաբացումը նախատեսվում է 2023 թ. սեպտեմբեր֊հոկտեմբեր ամիսներին։ Առաջարկվել է թատրոնի պաշտոնական վերաբացումը դիտարկել Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում։ Կողմերն առանձնահատուկ կարևորել են թատրոնի գործունեությունը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու թատրոնի գործունեությանը։
Նախարարի հաջորդ կանգառը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցին և հայորդաց տունն էին, որտեղ նա ծանոթացել է տնօրինության և սաների հետ։ Հայորդաց տան տնօրեն Ե. Մարկոսյանը նախարարին ներկայացրել է կրթամշակութային կենտրոնի և կիրակնօրյա դպրոցի գործունեությունը, հոգևոր կապը համայնքի հետ, որն ունի առանձնահատուկ դերակատարություն՝ երեխաներին հայոց լեզու, գրականություն, պատմություն և մշակույթ դասավանդելու գործում։
Նշվել է, որ կազմակերպվող մշակութային միջոցառումներն ունեն առանձնահատուկ նշանակություն՝ երեխաների մոտ հայեցի կրթությունը և մշակույթը զարգացնելու առումով։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել համատեղ կրթամշակութային միջոցառումներ և կազմակերպել փոխադարձ այցեր»,- հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Նշվում է, որ նախարարն այցելել է նաև հայ գրողների պանթեոն, որտեղ հարգանքի տուրք է մատուցել նրանց հիշատակին և ծաղիկներ խոնարհել շիրիմներին։
Կարծիքներ