Հարգելի Բագրատ, թիրախավորելուց առաջ կարելի է չալարել, ստուգել փաստերը և անհիմն չխոսել․ Ղազարյանը՝ Գալստանյանին
Հաղորդավար Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Բագրատ Գալստանյանի հայտարարություններին.
«Հարգելի Բագրատ, ես շատ վաղուց, արդեն մի քանի տարի կապ չունեմ Հանրայինի լուրերի և լրատվության հետ։ Թիրախավորելուց առաջ կարելի է չալարել, ստուգել փաստերը և հերթական անգամ, ոնց մեղմ ասեմ, անհիմն չխոսել։
Իսկ մեր լուրերը, ի պատիվ իրենց, ներողություն են խնդրել ոչ ճշգրիտ լուրի համար։
Տարոսը ձեզ և առավոտից իրիկուն միայն ձեզ լուսաբանող անաչառ, անկաշառ, թաքնված ու բացահայտ PR ով չզբաղվող, թափանցիկ ֆինանսներով, պրոֆեսիոնալ հարցադրումներ անող լրագրողական շրջապատին։
Իմիջայլոց տեղեկություն կա, որ ոչ բոլորն են բերանները լվանում ձեզ անցանկալի մարդկանց անունները տալուց հետո։ Անպայման ստուգեք»,- գրել է Ղազարյանը։
Սուրբ Աննա եկեղեցու բակում անդրադառնալով «Լուրեր»-ի տեսանյութերից մեկին, Գալստանյանը՝ նկատի ունենալով Պետրոս Ղազարյանին, հայտարարել էր, թե բոլոր իշխանությունների օրոք ծնկած ման եկել։
«Այս երկրում իր խոսքերի համար անպատասխանատու մարդ չպետք է լինի։ Քաոսն այն պատճառով է եղել, երբ անպատասխանատու կերպով շպրտել են ամեն ինչ մարդկանց վրա ու ստացել են երեսուն արծաթ և խաբեություն»,- ասել է Գալստանյանը։
Կարծիքներ