143,850,000 դրամ Հայաստանի շտապ բժշկական օգնության ծառայության աշխատակիցներին
«Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի շարունակական համագործակցությունը «COVID-19. Միասին հաղթահարենք համաճարակը» ծրագրի շրջանակներում
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը 300 հազար դոլարին համարժեք դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Հայաստանի շտապ բժշկական օգնության ծառայության 1786 բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին, սանիտարներին, կարգավարներին ու վարորդներին միանվագ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով։
Այսօր շտապ օգնության բժշկական ավագ, միջին, կրտսեր և օժանդակ ծառայողները ֆինանսական աջակցություն ստացան համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայացված հետևյալ բաշխման ցուցակի՝ Երևան – 36,930,000 դրամ, Կոտայքի մարզ – 16,020,000 դրամ, Լոռու մարզ – 16,645,000 դրամ, Շիրակի մարզ – 13,330,000 դրամ, Արարատի մարզ – 11,740,000 դրամ, Արմավիրի մարզ – 9,795,000 դրամ, Գեղարքունիքի մարզ - 9,985,000 դրամ, Սյունիքի մարզ – 8,630,000 դրամ, Արագածոտնի մարզ – 7,960,000 դրամ, Տավուշի մարզ – 7,925,000 դրամ, Վայոց Ձորի մարզ – 4,890,000 դրամ։
Նշենք, որ «Տաշիր» հիմնադրամի հետ համագործակցությունը շարունակական բնույթ է կրում։ Դեռ ապրիլին «Տաշիր» հիմնադրամը ևս 100,000 ԱՄՆ դոլար էր փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Միջոցների մի մասն ուղղվեց կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված միջոցառումներին, մնացած մասը՝ Ռուսաստանից վերադարձող ՀՀ քաղաքացիների տեղափոխման ֆինանսավորմանը։
Ս․թ․ մարտի 18-ից սկիզբ առած համահայկական «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք–արշավն իրականացվում է ՀՀ նախագահի, ԱՀ նախագահի, սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցութամբ։
Ընդհանուր առմամբ, արդեն հավաքագրվել է 770,000 ԱՄՆ դոլար, որից շուրջ 600 հազարն արդեն ուղղվել է մեծածավալ բժշկական պարագաների ու սարքավորումների ձեռք բերմանը, շտապ օգնության անձնակազմին ֆինանսական աջակցությանը, Երևանի և մարզերի կարիքավոր ծերերին ամենամսյա սննդի մատակարարմանը, ինչպես նաև բազմաթիվ հայրենակիցների Հայաստան վերադարձին։ Միևնույն ժամանակ արտերկրից ստացվել են մեծածավալ նվիրատվություններ ապրանքի տեսքով, որոնք փոխանցվել են առողջապահության նախարարությանը։ Դրամահավաք-արշավի ընթացքում շարունակում է ընդլայնվել նաև համահայկական ցանցը, ստեղծվում են նոր համագործակցություններ թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի տարբեր կազմակերպությունների հետ։
Կարծիքներ