Երևանը նաև համահայկական օրակարգը ձեւավորելու դարբնոցն է. Դավիթ Սարգսյան
Պաշտոնական Երևանը շարունակում է արցախահայության՝ սեփական հողում սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի իրացման առաջամարտիկը մնալ: Այս մասին Երևանի տոնի առիթով ասված շնորհավորական իր խոսքում նշել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:
Ֆեյսբուքի իր էջում քաղաքապետը գրել է.
«Այսօր ազգովի նշում ենք համայն հայության մայրաքաղաքի՝ Երևանի օրը: Էրեբունի-Երևանը հիրավի աշխարհի ամենահինավուրց, ամենաինքնատիպ ու ամենագրավիչ քաղաքների թվում է:
Այստեղ ամեն շենքը, նույնիսկ ամեն քարն իր պատմությունն ունի: Մեր վարդագույն քաղաքը միշտ էլ եղել է հայերիս սրբություն սրբոցը, ապավենն ու հայի՝ հազարամյակների կենսագործունեության վկան:
Երևանը նաև համահայկական օրակարգը ձեւավորելու դարբնոցն է, կենտրոնը, որտեղ ամեն հայ իր դժվար պահին կարող է հույս ու հենարան ունենալ: Ուստի տրամաբանական է, որ մեր ժողովրդին պատուհասած 44-օրյա պատերազմի ընթացքում արցախցի մանուկներին ու մայրերին իր թևերի տակ առավ հենց Երևանը՝ մեր Մայր Հայաստանի մայրաքաղաքը:
Այսօր էլ Երևանը շարունակում է հանգրվան լինել տեղահանված հազարավոր արցախցիների համար: Այսօր էլ պաշտոնական Երևանը շարունակում է արցախահայության՝ սեփական հողում սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի իրացման առաջամարտիկը մնալ: Բոլոր ստեփանակերտցիների և անձամբ իմ երախտագիտությունն եմ հայտնում Երևանի քաղաքային իշխանություններին իմ լավ ընկեր Հայկ Մարությանի գլխավորությամբ այն հոգատարության և սրտացավության համար, որ ցուցաբերվել է թե՛ նախապատերազմյան, թե՛ պատերազմական և թե՛ հետպատերազմյան օրերին:
Վստահ եմ, որ հայկական զույգ հանրապետությունների գլխավոր քաղաքների միջև համագործակցության խորացումն ավելի կամրապնդի և՛ մեր պետականությունների հիմքերը, և՛ աշխարհասփյուռ հայության հավատն առ միացյալ հայրենիք:
Հավատում եմ, որ մեր նվիրական երազանքների օրերը դեռ առջևում են...
Տոնդ շնորհավո՜ր, հայերիս ինքնության քաղաք Էրեբունի-Երևան: Ուր էլ որ կանք ու կլինենք, աղոթելու ենք քո խաղաղ այգաբացների ու լուսավոր օրերի համար»:
Կարծիքներ