Ռուս հետախույզները Հայաստանում զորավարժությունների ժամանակ դեսանտային վարժանքներ են մշակել |tert.am|
tert.am: Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները հայ զինվորականների հետ երկկողմանի գումարտակային մարտավարական զորավարժությունների ընթացքում պայմանական թշնամու թիկունքում դեսանտային վայրէջք են կատարել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ռուսական Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:
«Հետախույզներն ու հատուկ նշանակության ջոկատը Մի-8ՄՏՎ ուղղաթիռներից գրոհային վայրէջք է կատարել «Ալագյազ» ուսումնավարժարանի տարածքում: Հետախուզական տարածքում լիարժեք հանդերձանքով բազմակիլոմետրանոց երթն ավարտելուց հետո զինծառայողները բացահայտել են պայմանական թշնամու հիմնական ուժերի գտնվելու վայրը, փոխանցել օբյեկտների և ռազմական տեխնիկայի կոորդինատները, շարքից հանել կապը, գրոհել հրամանատարական կետը, առգրավել կարևոր փաստաթղթեր և պատանդներ վերցրել»,-ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ տարհանման տարածք մուտք գործելիս հետախույզները հետ են մղել պայմանական թշնամու ստորաբաժանումների հարձակումը, իրականացրել վիրավորների տարհանումը` դրան հաջորդող առաջին բուժօգնությամբ:
Մամուլի ծառայությունից տեղեկացրել են նաև, որ երկկողմ զորավարժությունների ընթացքում հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների զինծառայողներն ու անօդաչու թռչող սարքերի հաշվարկները ճնշել և ոչնչացրել են պայմանական թշնամու հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերը:
Կարծիքներ