Հաշվեքննիչ պալատը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ներկայացրել է 9 առաջարկ

Հաշվեքննիչ պալատը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ներկայացրել է 9 առաջարկ

Դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրերը իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Ասիական բանկի կողմից 2015 թ. ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակում:

«Ծրագրի ժամկետը սահմանվել է մինչև 2021 թ. մայիս ամիսը, իսկ 2018 թ. փոփոխությամբ այն երկարաձգվել է մինչև 2024 թ.մայիսի 31-ը»,- այս մասին ասել է ՀՀ հաշվեքննիչ պալատի հինգերորդ վարչության պետ Ժորա Մարգարյանը մայիսի 18-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի եւ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ:

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրով նախատեսվել է 377 դպրոցների շենքերի սեյսմիկ կայունության բարձրացում, սեյսմիկ աղետների պատրաստվածության և արձագանքման կարողությունների հզորացում, սեյսմիկ աղետների և ռիսկերի կառավարման և նվազացման օժանդակություն, համակարգերի բարելավվում:

2016 թ. հավանություն է տրվել ծրագրին: Առաջին փուլով ընդգրկվել են 8 դպրոցի վերակառուցման աշխատանքներ: 2018 թ. Կառավարության որոշմամբ դպրոցների թիվը հասել է 435-ի: Առաջին եւ երկրորդ փուլով կառուցվող դպրոցների թիվը 46 է:

ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից հաշվեքննության են ենթակվել դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրերի շրջանակում 2017-2019 թթ. պետական բյուջեով իրականացված շենքերի շինարարության եւ նախագծահետազոտական ծախսերը:

Հաշվեքննիչ պալատի ներկայացուցչի խոսքով՝ պայմանագրերով սահմանված նախագծային աշխատանքները ժամկետներում չեն կատարվել:

«Ոչ մի նախագծի կազմ չի համապատասխանել օրենսդրությամբ սահմանված պահաջներին, սակայն պայմանագրային գումարների նվազեցումներ չեն կատարվել: Որոշ դեպքերում կատարողականում հաշվառված ծավալները գերազանցում են փաստաթղթերում նշվածներին»,- ասել է Ժորա Մարգարյանը:

Հաշվեքննիչ պալատը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը ներկայացրել է 9 առաջարկ, որով հնարավորություն կընձեռվի մշակել եւ հաստատել միջոցառումների ծրագիր:

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ ներկայացված եզրակացությունները համակարգային խնդիրների ուղղությամբ մտածելու առիթ են տալիս:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով՝ Հաշվեքննիչ պալատի կողմից ուղարկված առաջարկությունները նախարարությունը մանրակրկիտ կուսումնասիրի: Նա նշել է, որ Հիմնադրամն աշխատում է երկու փասթաթղթային հենքի վրա՝ ազգային օրենսդրության եւ Հիմնադրամի միջազգային պարտավորությունների շրջանակում:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը նշել է, որ բոլոր դիտարկումների վերաբերյալ ներկայացվել են մանրամասն պարզաբանումներ: Նա ընդգծել է, որ 2019 թ. հետո կատարվել են անհրաժեշտ փոփոխություններ. նախագծող կազմակերպությունները նախագծերի հետ միասին ներկայացնում են նաեւ նախահաշիվները: «Հիմնադրամի կողմից ներկայացված նախահաշիվներն անցել են բոլոր ազգային փորձաքննությունները: Միջազգային փորձաքննության եւ փորձագետների ուշադրության կենտրոնում են ոչ միայն նախագծման աշխատանքները, այլ նաեւ շինարարության ընթացքն անբողջությամբ»,- նշել է Արթուր Սողոմոնյանը: Նա տեղեկացրել է, որ Հաշվեքննիչ պալատի բոլոր դիտարկումները հիմք կտան կատարելու անհրաժեշտ քայլերը, որպիսզի եղած ռիսկերը հնարավորինս չեզոքացվեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում