Առհասարակ չեմ անդրադառնում ինձ հետ կապված մերկապարանոց ու բամբասանքային հրապարակումներին, սակայն այս անգամ բացառություն կանեմ. Տիգրան Ավինյան

Առհասարակ չեմ անդրադառնում ինձ հետ կապված մերկապարանոց ու բամբասանքային հրապարակումներին, սակայն այս անգամ բացառություն կանեմ. Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Առհասարակ չեմ անդրադառնում ինձ հետ կապված մերկապարանոց ու բամբասանքային հրապարակումներին, սակայն այս անգամ բացառություն կանեմ:

Նախորդ շաբաթ «Հետքը» հանդես է եկել մի հրապարակմամբ, որտեղ նշվում է, թե իմ ընկերներն աշխատանքի են անցել «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում` թերևս ակնարկելով ինչ-որ կոռուպցիոն սխեմաներ: Հրապարակումն իմ մասով ամբողջությամբ չէր համապատասխանում իրականությանը, քանի որ ոչ մի ընկեր չունեմ նշյալ ՊՈԱԿ-ում աշխատող, իսկ թվարկված անձանցից Ստեփան Մաչյանին աշխատանքային միջավայրից դուրս հանդիպել եմ կյանքում մեկ անգամ՝ ընդհանուր միջոցառման ժամանակ (ինչ-որ լուսանկարի մասին է խոսվում), մինչդեռ մյուսներին նույնիսկ չեմ էլ ճանաչում:

Թեման հատուկ արձագանք գուցե չէր ենթադրում, սակայն, կարծում եմ՝ պատեհ առիթ է՝ անդրադառնալու մեր տեղեկատվական դաշտում տիրող վիճակին: Ներկայումս, երբ հանրային կարծիքը հաճախ դիտավորությամբ մանիպուլացվում է, իսկ դաշտը՝ ողողվում կեղծ տեղեկություններով, որակյալ տեղեկատվությամբ և լրագրողական հետաքննությամբ հանդես եկող ԶԼՄ-ների պատասխանատվությունն առավել քան մեծ է: Հետևաբար, ինձ համար տարօրինակ էր, որ «Հետքի» պես վստահելի լրատվականը հանդես էր եկել նման հրապարակմամբ, ինչն էլ բացառություն անելու պատճառ դարձավ: «Հետքը» ոչ միայն զլացել էր դիմել մեր գրասենյակ՝ հարցի վերաբերյալ կանխավ մեկնաբանություն ստանալու համար (դա արել է միայն հերքման պահանջը ստանալուց հետո, որը դեռ չի հրապարակել), այլև բուն հրապարակման մեջ իմ մասով անգամ մեկ հստակ, փաստարկված տեղեկատվություն չէր ներկայացրել:

Իմ պատկերացմամբ՝ ԶԼՄ-ի առաջնային սկզբունքն ընթերցողին որակյալ և ճիշտ տեղեկատվություն հասցնելն է: Առանց այն էլ տեղեկատվական դաշտում վստահությունը բավականին ցածր աստիճանի վրա է, մինչդեռ բացասական միտումների խորացումն ուղղակի անթույլատրելի է: Կարծում եմ՝ երբ ընթերցողին հրամցվում է սխալ և մանիպուլացված տեղեկություն, դա, առաջին հերթին, հենց ընթերցողի նկատմամբ վերաբերմունք է: Անշուշտ, դժվար է դիմակայել ճչուն վերնագրով ընթերցողներ գրավելու գայթակղությանը, սակայն դա մի սահման է, որով բաժանվում է պրոֆեսիոնալ լրատվամիջոցը դեղին մամուլից: Հույս ունեմ, որ «Հետքը» կիսում է իմ այս կարծիքը և կհրապարակի մեր գրասենյակի կողմից վերոնշյալ նյութի կապակցությամբ ուղարկված հերքումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում